Ենթատեսակը` վտանգված. «Զանգեզուր» արգելավայրում հայկական մուֆլոններ են նկատվել

Շրջակա միջավայրի նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ խոշոր եղջերավորները վազվզում են Զանգեզուրի լեռներում։
Sputnik
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ–ի «Զանգեզուր» արգելավայրում հայկական մուֆլոններ են նկատվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ մուֆլոնները նկատվել են արգելավայրում իրականացված մշտադիտարկումների արդյունքում։
Նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ ավելի քան 10 խոշոր եղջերավոր վազվզում է Զանգեզուրի լեռներում։ Տեսանյութում կարծես թե ձագուկներ էլ են նկատվում։
Հիշեցնենք, որ հայկական մուֆլոնը գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում։ Տեսակն ընդգրկված է Բնության պահպանության միջազգային միության (ԲՊՄՄ) Կարմիր ցուցակում` «Vulnerable A2cde» կարգավիճակով:
ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով ենթատեսակը գնահատվում է որպես «վտանգված»: