Արբիտրաժային համակարգի զարգացումը ՀՀ–ն ավելի գրավիչ կդարձնի բիզնեսի համար. Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետը վստահ է, որ արբիտրաժային մշակույթը և գործունեությունը կնպաստեն ներդրումային միջավայրի բարելավմանն ու կօգնեն թոթափել դատական համակարգի ծանրաբեռնվածությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի -Sputnik. Արբիտրաժային համակարգի զարգացումը Հայաստանը կդարձնի ավելի գրավիչ երկիր բիզնեսի համար: Այս մասին հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Երևանում տեղի ունեցած Միջազգային արբիտրաժային կոնֆերանսի ժամանակ։
«ՀՀ կառավարությունը կարևորում է վեճերի այլընտրանքային լուծման եղանակների զարգացումը և դրանց կիրառություննու տարածումը մեր երկրում։ Թե՛գործնականում, թե՛ գիտականորեն փաստագրված է, որ կայացած արբիտրաժային մշակույթը և գործունեությունը նպաստում են ներդրումային միջավայրի բարելավմանը, օգնում թոթափել դատական համակարգի ծանրաբեռնվածությունը»,– ասաց նա։
Փոխվարչապետը կարևորում է նաև բիզնես իրավունքի ոլորտում մասնագիտացած իրավաբանների համար կրթական ծրագրերի զարգացումը, ինչպես նաև նմանօրինակ կոնֆերանսների շարունակական կազամակերպումը։
Նա վստահեցրեց, որ միջազգային կոնֆերանսը Հայաստանում այս ոլորտի համար նախադեպը չունեցող միջոցառում է։
«Երկու ամիս առաջ մեր բալիկը ծնվեց». Գրիգոր Մինասյանը` արբիտրաժային կենտրոնի ստեղծման մասին
Նշենք, որ արբիտրաժի վերաբերյալ հայկական օրենսդրությունը կազմված է ՄԱԿ-ի միջազգային առևտրի իրավունքի հանձնաժողովի (UNCITRAL) չափանիշներով: Իսկ այս տարի «Առևտրային արբիտրաժի մասին» օրենքում կատարվել են փոփոխություններ, որոնք դյուրացնում են արբիտրների օգնությամբ գործարար դատավարությունների քննությունը։ Մասնավորապես, ընդունվել են ընթացակարգեր, որոնք թույլ են տալիս ստուգել արբիտրների շահերի բախումը (այսինքն ՝ պարզել, թե արդյոք արբիտրը կամ նրա հետ փոխկապակցված անձինք դատավարությանը մասնակցող ձեռնարկության բաժնետերեր չեն կամ նրանից որևէ այլ օգուտ չեն ստանում):