ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանն արցախցի երեք ուսանողին ապօրինի է պահում։ Դա հակասում է առնվազն եվրոպական կոնվենցիայի պահանջներին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախից Հայաստան խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ տեղափոխվելիս ադրբեջանական կողմն առևանգել է երեք երիտասարդի, որոնք գալիս էին Հայաստան` սովորելու։
«Ավելին չեմ կարող ասել։ Քրեական որոշակի գործընթաց նախաձեռնվել է նրանց նկատմամբ, ու ապա դադարեցվել»,– նշեց Կիրակոսյանը։
Նշենք, որ ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել Ադրբեջանին մինչև սեպտեմբերի 7-ը ժամանակ տրամադրել ս.թ. օգոստոսի 28-ին Լաչինի միջանցքից առևանգված երեք քաղաքացիական անձանց վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու մասին:
Եղիշե Կիրակոսյանը նշեց, որ Վագիֆ Խաչատրյանի մասին, որն Ադրբեջանի կողմից առևանգնվել էր հուլիսի 29–ին, շարունակում են տեղեկություն ստանալ, և նաև հույս ունեն, որ ուսանողների մասին ևս կստանան տեղեկություններ։
«Դրանք անհատական տվյալներ են, որոնք չենք կարող հրապարակել. միայն ծանուցում ենք հարազատներին»,– նշեց Կիրակոսյանը։
Ինչ վերաբերում է այն փաստին, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը օգոստոսի 29–ին մերժել էր Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ նոր ժամանակավոր միջանկյալ միջոց կիրառելու պահանջը, Եղիշե Կիրակոսյանը նշեց, որ նախորդ դիմումները, որոնք ներկայացվում էին ՄԻԵԴ, նույնպես ֆորմալ առումով մերժվում էին։
«Մեր հաղորդագրության մեջ, սակայն, մենք դատարանի որոշումն ամբողջովին ներկայացնում էինք։ Պարզ է, որ ադրբեջանական կողմը հիմնականում այդ մերժվելու վրա է փորձում միշտ ուշադրությունը կենտրոնացնել, ու դա, բնականաբար, հատուկ է արվում։ Մինչդեռ ՄԻԵԴ–ը, ֆորմալ առումով մերժելով և նոր միջոց կիրառելով, միևնույն ժամանակ որոշման հաջորդ պարբերության մեջ շատ հստակ արձանագրում է, որ 2020 թ. ընդունած իր որոշումները շարունակում են ուժի մեջ մնալ, և դա վերաբերում է նաև այն նոր անձանց, որոնք այս պահին գտնվում են անազատության մեջ (Ադրբեջանի վերահսկողության ներքո): Նկատի ունեմ Վագիֆ Խաչատրյանին և նաև վերջերս առևանգված երեք ուսանողին»,– ընդգծեց Կիրակոսյանը։
Ըստ նրա` այդ մարդկանց իրավունքները պաշտպանելու համար առնվազն կարևոր է տեղեկացնել դատարանին, որ այդ անձանց իրավունքները գոնե մինիմում պաշտպանվեն։