ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի - Sputnik. Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու և գործարար Վիվեկ Ռամասվամին խոստացել է 2024 թվականի ընտրություններում հաղթելու դեպքում է ներում շնորհել պետության նախկին ղեկավար Դոնալդ Թրամփին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Եթե ես նախագահ լինեմ, ապա, այո, ես ներում կշնորհեմ նրան, քանի որ դա կօգնի կրկին համախմբել երկիրը»,-ասել է նա ABC News հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Ռամասվամին նաև հավելել է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում ի վիճակի է «Թրամփից ավելի հեռուն գնալ» ԱՄՆ բնակչության միավորման հարցում և չի աջակցում հասարակության պառակտմանը՝ նրա նկատմամբ դատական գործընթացի միջոցով: Նա հայտարարել է, որ պատրաստ է քվեարկել երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օգտին նույնիսկ, եթե նա դատապարտյալ հանցագործի կարգավիճակում լինի, եթե ինքը` Ռամասվամին, չառաջադրվի 2024 թվականի պետության ղեկավարի ընտրություններին:
Թրամփին ընդհանուր առմամբ 91 մեղադրանք է առաջադրվել չորս քրեական գործի շրջանակներում, որոնք հանրապետական քաղաքական գործիչն անվանում է դեմոկրատական իսթեբլիշմենտի փորձը՝ թույլ չտալ իրեն վերադառնալ Սպիտակ տուն: Ամենածանր հոդվածներով Թրամփին 20 տարվա ազատազրկում է սպառնում։ Եթե պատիժը որոշվի ժամկետները գումարելու եղանակով, ապա նա կարող է դատապարտվել մի քանի հարյուր տարվա ազատազրկման։ Մեղադրանքների համակցությամբ քաղաքական գործչին ավելի քան 700 տարվա ազատազրկում է սպառնում։
Թրամփը ԱՄՆ առաջին նախագահն է դարձել, որը բանտային քարտադարանի համար արված լուսանկար ունի: Լուսանկարն արվել է այն ժամանակ, երբ քաղաքական գործիչը ներկայացել էր Ֆուլտոն շրջանի բանտ, որտեղ նրան մեղադրանք է առաջադրվել Ջորջիա նահանգի ընտրություններին միջամտելու համար: Ամերիկյան շատ լրատվամիջոցներ նշում էին, որ Թրամփի դեմ առաջադրված մեղադրանքները միայն ամրապնդում են նրա դիրքերը ընտրողների շրջանում: