Փաշինյանը կոչ է արել ժամկետային զինծառայողներին միանալ «Պաշտպան հայրենյաց» ծրագրին

Պայմանագրային ծառայության անցած ժամկետային զինծառայողները, ըստ վարչապետի, բանակի և պետության ապագան են։
Sputnik
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել ժամկետային զինծառայողներին միանալ «Պաշտպան հայրենյաց» ծրագրին։ Նա ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է ժամկետային զինծառայող Նարեկ Բաղդասարյանի մասին ռեպորտաժը, ով զորակոչից 5 ամիս անց անցել է պայմանագրային ծառայության:
«Նարեկն ու իր նմաններն են մեր բանակի ու պետության ապագան։ 20-ամյա ժամկետային զինծառայող, որ դարձել է պայմանագրային, ու ապրում է իր տանը, ծառայում/աշխատում է բանակում, ստանում է շուրջ 500-600 հազար դրամ աշխատավարձ։ Ինտելեկտուալ է, ֆիզիկապես ամուր, հոգեպես նպատակասլաց ու անկոտրում։ Ու այս ամենը՝ առանց ավելորդ պաթոսի»,– գրել է նա։
Վարչապետի խոսքով` այս ճանապարհը բաց է և մատչելի ցանկացած ժամկետային զինծառայողի համար։
Հիշեցնենք, որ նախորդ օրերին «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուները քննություններ են հանձնել շարային, կրակային և ֆիզիկական պատրաստություն առարկաներից։ Բոլոր ստուգարքների ցուցանիշների համադրմամբ պետք է ամփոփվեն քննությունների արդյունքները, իսկ ստուգող հանձնաժողովները գնահատելու են յուրաքանչյուր զինծառայողի ընդհանուր պատրաստության մակարդակը, որի վերաբերյալ կազմվելու է վերջնական եզրակացություն։
Ատեստավորման փուլը հաջողությամբ հաղթահարած զինծառայողները առաջիկա օրերին կմեկնեն զորամասեր` ծառայությունը շարունակելու։