ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի - Sputnik. Իսրայելի պաշտպանության նախարարությունը պաշտոնական հարցում է ուղարկել ԱՄՆ-ին՝ Lockheed Martin ընկերության արտադրության ևս 25 F-35 կործանիչներ գնելու համար, որոնք Իսրայելի ռազմաօդային ուժերի կազմում այդ ինքնաթիռների երրորդ Էսկադրիլիան կկազմեն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով երկրի պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությանը:
«Պաշտպանության նախարարությունը սկսել է Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) կարիքների համար Ֆ-35 ինքնաթիռների երրորդ էսկադրիլիայի գնման գործընթացը։ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի և պաշտպանության նախարարության գլխավոր տնօրեն Էյալ Զամիրի կողմից գործարքի հաստատումից հետո պաշտպանության նախարարությանը կից գնումների դեպարտամենտը ԱՄՆ-ում F-35-ի համատեղ ծրագրի վարչությանը պաշտոնական հարցում է ուղարկել՝ նպատակ ունենալով առաջիկա ամիսներին ավարտել գործարքի համաձայնեցումն ու ստորագրումը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Մամուլի ծառայության տվյալներով՝ գործարքի շրջանակներում, որը ներառում է աջակցություն և տեխնիկական սպասարկում, Իսրայելը ձեռք կբերի 25 F-35 ինքնաթիռ և այդպիսով իր ռազմաօդային ուժերում այդ «աշխարհի ամենաժամանակակից անտեսանելի ինքնաթիռների» թիվը կհասցնի 75 միավորի:
«Իսրայելի պաշտպանության բանակին ինքնաթիռների մատակարարումը կսկսվի 2027 թվականին՝ տարեկան 3 ինքնաթիռ հաշվարկով»,-նշել են մամուլի ծառայությունում:
Իսրայելը ամերիկյան Ֆ-35 կործանիչներ գնելու մասին որոշումը կայացրել է 2010 թվականին, իսկ 2016 թվականի դեկտեմբերին առաջին երկու ինքնաթիռները հանձնվել են իսրայելական ՌՕՈւ-ին: 2022 թվականի նոյեմբերի դրությամբ, ինչպես հայտնում է The Times of Israel թերթը, Իսրայելը ստացել է պատվիրված 50 հատ F-35 ինքնաթիռներից 36-ը։ Այս խմբաքանակի մատակարարումը պետք է ավարտվի 2024 թվականին։