Միջազգային հանրությունից կտրուկ միջոցներ ենք ակնկալում. ՀՀ ԱԳՆ խոսնակ

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը շեշտել է, որ 120 հազար մարդ սեփական հայրենիքում էթնիկ զտման սպառնալիքի առջև է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի–Sputnik. Հայաստանը միջազգային հանրությունից ակնկալում է կտրուկ միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում շարունակվող էթնիկ զտումը կանխելու համար։ X–ի (նախկինում`Twitter–ի) իր միկրոբլոգում այս մասին գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
«Այսօր ևս մեկ անգամ ընդգծում ենք, որ Լեռնային Ղարաբաղից 120 հազար մարդ իր իսկ հայրենիքում բախվում է էթնիկ զտման սպառնալիքի հետ՝ Ադրբեջանի քաղաքականության, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով։ Միջազգային հանրությունը տեղեկացված է իրավիճակի մասին, մենք նրանից ակնկալում ենք կտրուկ միջոցներ ձեռնարկել այն կանխելու համար»,– գրել է Բադալյանը։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը գրառմանը կից նաև Արցախից լուսանկարներ է հրապարակել, որոնցում պատկերավոր երևում է Արցախում տիրող հումանիտար վիճակը։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը ՀՀ–ին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև ՀՀ–ից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տ ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցինշրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Օգոստոսի 30–ից սահմանին կանգնած են մնացել նաև Ֆրանսիայի տարբեր քաղաքներից Արցախի համար բեռ տանող ֆրանսիական բեռնատարները։