ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի–Sputnik. 32 տարիների ընթացքում Արցախը դիմագրավել է 2 լայնածավալ պատերազմի, ապրել հաղթանակի բերկրանքը, ձևավորվել պետական ինստիտուտներ, երկիրը զարգացել ու բարգավաճել է։ Անկախության օրվա առիթով իր շնորհավորական ուղերձում այս մասին ասել է Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը։ Նա նշել է, որ այս պայմաններում թշնամին 2020թ-ին հրահրած պատերազմով նպատակ է դրել իսպառ վերացնել Արցախի Հանրապետությունը:
«Արցախի պետականության համար պայքարի այս փուլում մարտի դաշտն ընդլայնվել է. առօրյա, կենցաղային դժվարությունները հաղթահարող մեր հայրենակցից մինչև դիրքապահը կանգնած են ճակատային դիրքերում»,– շեշտել է Իշխանյանը:
Արցախի ԱԺ նախագահը մեջբերել է նաև 32 տարի առաջ ընդունված Արցախի Հանրապետության հռչակագրից հատված՝ «հարգելով ու հետևելով Մարդու իրավունքների համընդհանուր Հռչակագրի և Տնտեսական, սոցիալական ու մշակութային իրավունքների մասին միջազգային համաձայնագրի, Քաղաքացիական, քաղաքական և մշակութային իրավունքների մասին միջազգային համաձայնագրի սկզբունքներին և ակնկալելով միջազգային հանրության ըմբռնումն ու աջակցությունը»:
Իշխանյանը շնորհավորել է բոլորին օրվա առիթով` մաղթելով տոկունություն, համբերություն, արժանապատիվ ու բարեկեցիկ ապագա:
Հիշեցնենք` 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում:
Հավելենք, որ 1992-ին հատուկ որոշումով Հայաստանի խորհրդարանը Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է «համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում։