ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Եթե խաղաղության պայմանագիրը չտա այնպիսի երաշխիքներ, որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չի ունենալու, ապա այդ պայմանագիրն անիմաստ է դառնում։ Իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ երաշխիքներ կան, որ եթե Լեռնային Ղարաբաղն անցնի Ադրբեջանի վերահսկողության տակ, Ադրբեջանը կդադարեցնի իր տարածքային պահանջները Հայաստանի Հանրապետությունից։ Լրագրողը հիշեցրեց` Ադրբեջանը ոչ միայն Լեռնային Ղարաբաղն է համարում Ադրբեջանի մաս, այլ պնդում է, որ Հայաստանի որոշ հատվածներ ևս իրենն են։
«Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է ապահովված լինեն և երաշխիքներ լինեն։ Ինչ վերաբերում է տարածքային ամբողջականությունների ճանաչման հարցին, եթե խաղաղության պայմանագիրը նման երաշխիքներ չունենա, ապա այն կլինի անիմաստ։ Ուզում ենք ունենալ այնպիսի պայմանագիր, որը նման երաշխիք կտա»,– շեշտեց վարչապետ Փաշինյանը։
Նա հավելեց` Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հասցեագրումը միջազգային մեխանիզմի շրջանակներում չափազանց կարևոր է մեր տարածաշրջանում խաղաղության հասնելու առումով։
Հիշեցնենք` մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց, թե ինչ է նշանակում՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, և հայտարարեց, որ Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Նա ասաց նաև, որ Հայաստանի 29 800 քառ․ կմ տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը և Տավուշի 6 գյուղերը չեն ներառվում։
Միևնույն ժամանակ, ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ է տեղադրել Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել ՀՀ–ից մատակարարվող գազից, էլեկտրաէներգիայից, սննդից ու դեղորայքից։