ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի–Sputnik. Ազատության հրապարակում հավաքված հազարավոր մարդկանց տեսնելը ոգևորիչ է, բայց սա նորություն չէ. բոլոր հարցումները ցույց են տալիս, որ ՀՀ բնակչության ավելի քան 90 տոկոսը չի պատկերացնում Արցախն Ադրբեջանի կազմում։
Ազատության հրապարակում ընդդիմության հրավիրած հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
«Ես կասկած չունեմ, որ մեր բոլոր քույրերն ու եղբայրները մոտ ապագայում ոչ թե ականատես, այլ մասնակից և իրագործող կլինեն Հայաստանում վճռական գործողությունների, որոնք կբերեն արմատական փոփոխությունների»,– ասաց Մամիջանյանը։
Նա վստահություն հայտնեց, որ Արցախում այս պահին ձևավորվող իշխանությունները տեր կլինեն Արցախի ինքնորոշման իրավունքի իրացմանը։
Հիշեցնենք` 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում:
Հավելենք, որ 1992-ին հատուկ որոշումով Հայաստանի խորհրդարանը Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է «համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում։