Արցախցիներն իրենց խիզախությամբ հուսախաբ չեն անի. Սերժ Սարգսյանը` ի պատասխան Շառլ Միշելի

Ավելի վաղ ՀՀ երրորդ նախագահը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ամեն ինչ հնարավոր է վերականգնել, բայց նախ պետք է գործող իշխանություններին հեռացնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի–Sputnik. Արցախցիներն իրենց խիզախությամբ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին հաստատ հուսախաբ չեն անի։ Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ այս մասին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը` մեկնաբանելով Շառլ Միշելի հայտարարությունը, թե Արցախից համարձակ լուծումներ են անհրաժեշտ։
«Մեզնից յուրաքանչյուրը ցանկացած բառ ընկալում է յուրովի։ Շատ ուրախ եմ, որ Շառլ Միշելը նորից Արցախից խիզախություն է ակնկալում։ Արցախցիներն իրեն հուսախաբ չեն անի։ Բայց միգուցե ինքը ուրիշ լուծումներն է խիզախ անվանում, մենք այդպես չենք համարում»,– ասաց ՀՀ երրորդ նախագահը։
Նշենք, որ Արցախի Անկախության օրվան նվիրված հանրահավաքը, որը Ազատության հրապարակում հրավիրել է ընդդիմությունը, սկսվեց հայկական երկու պետությունների պետական օրհներգերով։
Բեկում հնարավոր է. Սերժ Սարգսյանն Ազատության հրապարակում է
Հիշեցնենք` 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում:
Հավելենք, որ 1992-ին հատուկ որոշումով Հայաստանի խորհրդարանը Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է «համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում։