Արցախցին չի' պոկվելու իր հողից. ակցիա ՀՀ–ում Արցախի մշտական ներկայացուցչության մոտ

Արցախի հանձնումը ոչ միայն պետք է արգելվի օրենքի ուժով, այլև հայ ժողովուրդն էլ պետք է համախմբված ու միակարծիք լինի այս հարցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի–Sputnik. Արցախի Անկախության օրվա առիթով քաղաքական, հասարակական գործիչներ, քաղաքացիներ այցելել են Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչություն։
«Այս օրը մենք դիմավորում ենք մի պայմաններում, երբ Արցախի Հանրապետությունն արդեն 9 ամիս դաժան շրջափակման մեջ է` լքված ՀՀ իշխանությունների կողմից` համարյա միայնակ շարունակելով իր պայքարն Արցախը պաշարած թշնամական ուժերի դեմ։ Մենք այստեղ ենք, որ մեր ներկայությամբ նախ զորավիգ կանգնենք Արցախի մեր քույրերին և եղբայրներին, հստակ ուղերձ հղենք, որ ՀՀ–ն միայն իր ժամանակավոր և, հուսով եմ, մոտ ապագայում հեռացող իշխանությունները չեն, այլ հայ ժողովուրդն է, որը մշտապես տեր է լինելու մեր հայրենիքի Արցախի հատվածին»,– լրագրողների հետ զրույցում նշեց «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
Նա վստահ է, որ մեր ապագա սերունդները պետք է կարողանան այդ խնդիրը լուծել` ունենալ միացյալ և հզոր հայրենիք։ Չալաբյանի խոսքով` այսօր յուրաքանչյուրիս պարտքն է կանգնել արցախցիների կողքին, ցույց տալ, որ մենք մի ազգ ենք։ Նա հիշեցրեց, որ 2 օր առաջ ԿԸՀ են հանձնվել «ՀայաՔվեի» առաջին փուլի ստորագրությունները։ Շեշտեց` հետամուտ են լինելու, որ օրենքի ուժով արգելվի Արցախի հանձնումը ցանկացած այլ պետության։

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է «ՀայաՔվե» նախաձեռնության դիմումը` 50 հազար ստորագրություն հավաքելու և Ազգային ժողով օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու համար։

Օգոստոսի 5–ին «ՀայաՔվեի» ստորագրահավաքն ավարտվեց. դրանմասնակցել է ավելի քան 58 հազար քաղաքացի։

«ՀայաՔվե» նախաձեռնության օրենքի նախագիծը Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումից հրաժարվելու և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար խիստ պատիժ է նախատեսում: Նախագիծը ԱԺ կմտնի սեպտեմբերի կեսին, այն ԱԺ-ում պետք է ընդունվի պատգամավորների ձայների մեծամասնությամբ:

«Ես միշտ հպարտացել եմ արցախցիներով, երջանիկ եմ եղել, որ ապրել և օգնել եմ նրանց այդ պայքարին, գիտեմ` արցախցին երբեք չի պոկվելու իր հողից։ Արցախցին ձեռք է բերել, արժանացել է իր ինքնորոշմանը, իր կյանքը տնօրինելու իրավունքին, և որևէ արհեստածին երևույթ չի կարող խանգարել դրան»,– իր հերթին նշեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը։
Անդրադառնալով ՀՀ ներկա իշխանությունների` Արցախին վերաբերող հրապարակային հայտարարություններին` Խաչատրյանը նշեց` առանձին մարդկանց պահվածքը չի կարող ունենալ վճռորոշ ազդեցություն մի ժողովրդի համար, որը դրան համակարծիք չէ։ Նա շեշտեց` Արցախն ու արցախցին համակարծիք չեն ՀՀ իշխանությունների` Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հայտարարության հետ։

2023–ի մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց, թե ինչ է նշանակում՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, և հայտարարեց, որԱդրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Նա ասաց նաև, որՀայաստանի 29 800 քառ․ կմ տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը և Տավուշի 6 գյուղերը չեն ներառվում։

Մշտական ներկայացուցչություն այցելած գործիչներին և քաղաքացիներին դիմավորեց Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը։ Նա հույս հայտնեց, որ հաջորդ տարի այս օրն արդեն Արցախում կդիմավորեն։ Խորհրդանշական կերպով դրոնով երկինք բարձրացվեց Արցախի պետական դրոշը։
Հիշեցնենք` 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում:
Հավելենք, որ 1992-ին հատուկ որոշումով Հայաստանի խորհրդարանը Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է «համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում։
ՀՀ–ն շարունակելու է ջանքերը. Փաշինյանի ուղերձը ԼՂ անկախության հռչակագրի օրվա առիթով