ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի–Sputnik. Ադրբեջանական սադրանքների գլխավոր նպատակներից մեկն էլ Արցախում ռուսական խաղապահ առաքելությունը հեղինակազրկելն է։ Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչության մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը` մեկնաբանելով այն հարցը, թե արդյոք Ստեփանակետը համամիտ է ՀՀ իշխանությունների տեսակետին, որին նաև արձագանքեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Պաշտոնական Ստեփանակերտն ամենօրյա ռեժիմով փոխգործակցում է խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ, և հուսով ենք, որ խաղաղապահներն իրենց գործառույթները կկարողանան լիարժեք կատարել»,– նշեց Ղազարյանը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան օգոստոսի 30-ի ճեպազրույցում հայտարարել էր, որ ադրբեջանցի սահմանապահների կողմից հայ ուսանողների առևանգման պատասխանատվությունը ռուսական խաղաղապահ զորախմբի վրա գցելը տեղին չէ, սխալ է և անհիմն, քանի որ Երևանի կողմից Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո նոր իրավիճակ է ստեղծվել։ Նա շեշտել էր, որ Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածքի մաս ճանաչելու արդյունքն է։ Զախարովայի այս հայտարարությանը բավականին կոշտ արձագանքել էր ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը` Զախարովային խորհուրդ տալով ԼՂ հարցում հնարքների չդիմել և չբարդացնել իրավիճակը։
ՀՀ իշխանությունների հետ քննարկվե՞լ է արդյոք խաղաղապահների մանդատի ընլայնման հարցը, Ղազարյանը նշեց` ճիշտ չի լինի, որ տարբեր քննարկումների վերաբերյալ բոլոր փակագծերը բացվեն։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: