ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Դպրոցներին ԿԳՄՍՆ–ն հանձնարարել է զերծ մնալ ծնողներին դասագրքերը գնելու կամ դրանց էլեկտրոնային տարբերակները պատճենելու ուղղորդումներից:
Այս մասին ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերական նամակով դիմել է Երևանի քաղաքապետարանին, ՀՀ մարզպետարաններին, ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների և ոչ պետական դպրոցների տնօրեններին` առաջարկելով հանձնարարել 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների դասագրքերի էլեկտրոնային տարբերակների պատճենները տրամադրել աշակերտներին կամ ուսուցումը կազմակերպել էլեկտրոնային եղանակով:
«Դպրոցն իր միջոցների հաշվին պետք է կազմակերպի դասագրքերի էլեկտրոնային տարբերակներից տպված համապատասխան թեմաների էջերը սովորողներին բաշխելու աշխատանքները։ Հաշվի առնելով վերջին օրերին քաղաքացիներից ստացված ահազանգերն ու դժգոհությունները՝ տեղեկացնում ենք, որ դասագրքերի խնդիրը քննարկվել է օգոստոսյան խորհրդակցությունների ժամանակ՝ ՀՀ բոլոր մարզերի, Երևանի քաղաքապետարանի, ԿԳՄՍՆ ենթակայության, ինչպես նաև ոչ պետական դպրոցների տնօրենների մասնակցությամբ»,– նշված է հաղորդագրության մեջ:
Ըստ այդմ` դպրոցները տեղեկացված են եղել անցումային փուլի խնդիրների և ուսումնական գործընթացի կազմակերպման նպատակով անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու մասին:
Հիշեցնենք, որ 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում 2023–24 թթ. ուսումնական տարում ներդրվում է հանրակրթության նոր չափորոշիչը, որով պայմանավորված փոխվում են նաև դասագրքերը և ուսումնական նյութերը:
Նախարարությունից վստահեցնում են, որ նոր դասագրքերի տպագրությունն ընթացքի մեջ է, և դրանք փուլային տարբերակով կառաքվեն դպրոցներ սեպտեմբեր ամսվա ընթացքում:
ՀՀ կառավարության վերջին նիստի ժամանակ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել էր, որ բացի 10–րդ դասարանից, մյուս դասարանների ճնշող մեծամասնությունը դասագրքեր ունեն։ Դրանք էլեկտրոնային տարբերակով հասանելի են։ Դրանցից մի մասը սեպտեմբերի 1–ին արդեն կլինեն դպրոցներում, մյուս մասը` սեպտեմբերի ընթացքում։