ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի - Sputnik. Հրազդան քաղաքի 45-ամյա մի տղամարդ Երևանում ոստիկանության Շենգավիթի բաժնում ագրեսիվ վարքագիծ է դրսևորել` միջանցքում ապակիներ կոտրել, վնասել ձեռքերը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը` պարզաբանելով սոցցանցերում հայտնված մի տեսանյութում ներկայացված միջադեպը։
Տեսանյութում մի տղամարդ ընկած է գետնին, շուրջբոլորը և հագուստի վրա արյան հետքեր, 2 ոստիկան էլ ձեռքերն են բռնում։
Ոստիկանությունից ընդգծում են, որ Շենգավիթ վարչական շրջանի Թամանցիների փողոցում սպանության սպառնալիքի հիմքով ձերբակալել են վերոհիշյալ տղամարդուն։
«Նշված վայրում Հրազդանի 45-ամյա բնակիչը ծագած վիճաբանության ժամանակ իր մոտ եղած դանակով սպառնացել էր մի կնոջ։ Պարեկները տղամարդուն բաժին են տեղափոխել, որտեղ տղամարդը հարվածել է ոստիկանին, իր մոտ եղած դանակն էլ նետել գետնին։ Ոստիկանության բաժնում տղամարդը դրսևորել է ագրեսիվ վարքագիծ՝ միջանցքում կոտրել ապակիներ, վնասել ձեռքը: Տղամարդուն բուժօգնություն ցույց տալու համար կանչվել է շտապօգնություն: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին»,– ասված է հաղորդագրությունում։
Դանակը առգրավվել է, քննիչի որոշմամբ տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը, ինչպես նաև նրանց կողմից կարգապահական բնույթի խախտումներ թույլ տալու կամ չտալու հանգամանքները պարզելու համար դեպքի առթիվ կատարվում է ծառայողական քննություն։ Արդյունքների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն: