Վաշինգտոնի հայերը ցույց են անցկացնում ի պաշտպանություն Արցախի

Ցուցարարները կարծում են, որ միջազգային հանրությունը պետք է միջամտի իրավիճակին հայերի նոր ցեղասպանությունը կանխելու նպատակով:
Sputnik
Վաշինգտոնի հայերը ցույց և երթ են անցկացնում դեպի Սպիտակ տուն՝ պահանջելով ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը և ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ Լաչինի միջանցքն ապաշրջափակելու նպատակով:
Ինչպես հաղորդվում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի X-ի (Twitter) միկրոբլոգում, ցուցարարները նշում են, որ 120 հազար հայեր փաստացի Ադրբեջանի պատանդն են դարձել:
Նրանց կարծիքով՝ միջազգային հանրությունը, այդ թվում՝ ԱՄՆ իշխանությունները, պետք է պատասխանատվություն դրսևորեն և կանխեն հայերի նոր ցեղասպանությունը։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը ՀՀ–ին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև ՀՀ–ից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տ ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցինշրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Օգոստոսի 30–ից սահմանին կանգնած են մնացել նաև Ֆրանսիայի տարբեր քաղաքներից Արցախի համար բեռ տանող ֆրանսիական բեռնատարները։