ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանն անտեղի է համարում գործուղումները ճանապարհորդության հետ հավասարեցնելը: Այս մասին Խաչատրյանն ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում՝ մեկնաբանելով «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումը։
Օրաթերթը գրել էր, թե ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի որոշմամբ` պետբյուջեի հաշվին պատգամավորները սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին շրջագայությունների կմեկնեն։ Ընդ որում՝ խոսքը թե՛ իշխանականների, թե՛ ընդդիմադիրների մասին է։
«Բուն հոդվածը չեմ մեկնաբանում։ Ինչ վերաբերում է գործուղումներին, նշեմ, որ խորհրդարանական նոր նստաշրջանը՝ նոր հաշվետու տարին, միշտ ենթադրում է գործուղումներ։ Տեղին չէ գործուղումները նույնացնել ճամփորդությունների հետ», - ասաց Խաչատրյանը։
Նրա խոսքով ՝ գոյություն ունի խորհրդարանական դիվանագիտություն հասկացությունը, որը ենթադրում է տարբեր երկրներում միջոցառումների շրջանակներում հանդիպումների կազմակերպում: Դա սովորական գործընթաց է։
«Ժողովուրդ» օրաթերթի հրապարակման մեջ նշվում էր, որ ՔՊ-ական Արմեն Խաչատրյանը. կգործուղվի Մինսկ՝ ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների արտաքին հարաբերությունների, պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովների նախագահների խորհրդակցությանը մասնակցելու համար, իսկ սեպտեմբերի 6-ին կմեկնի Բելառուս՝ Բրեստ, «Փոխգործակցություն-2023» ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի համատեղ զորավարժություններին խորհրդարանական մոնիթորինգ իրականացնելու համար:
Սեպտեմբերի 10-14-ը գործուղման կգնա նաև ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը: Նա Փարիզում կմասնակցի ԵԽԽՎ քաղաքական և ժողովրդավարության հարցերի և Մոնիտորինգի հանձնաժողովների նիստերին:
Սեպտեմբերի 14-18-ը ՔՊ-ական Հասմիկ Հակոբյանի հետ Վիետնամ կգործուղվի նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը. նրանք Հանոյ քաղաքում կմասնակցեն Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների 9-րդ գլոբալ համաժողովին:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Նարեկ Զեյնալյանը, Լուսինե Բադալյանը և Արփինե Դավոյանը կմեկնեն Նյու Յորք՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանին մասնակցելու համար:
Հոկտեմբերի 5-10-ը խորհրդարանի պատվիրակությունը կգտնվի Կոպենհագեն՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի ամենամյա նստաշրջանին: Պատվիրակների թվում կլինեն ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը և Արուսյակ Ջուլհակյանը:
Պատգամավոր Արմեն Գևորգյանը հոկտեմբերի 22-27-ը կմեկնի Ստրասբուրգ: Իսկ պատգամավոր Մարիա Կարապետյանը հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 2-ը Լոնդոնում կմասնակցի «Ալյանս հանուն պատասխանատու քաղաքացիության» կազմակերպության առաջին նիստին: