ՔԿ–ում քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների մոտ 700 վարույթ

Անչափահասների նկատմամբ արձանագրված հանցագործությունների մի մասը կատարվել են ընտանիքի անդամների կողմից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի–Sputnik. ՀՀ քննչական կոմիտեում այս տարվա առաջին կիսամյակում քննվել է անչափահասների կողմից կատարված 220 և անչափահասների նկատմամբ կատարված հանցագործություններով 699 քրեական վարույթ։ Տեղեկությունը հայտնում է ՔԿ մամուլի ծառայությունը։
Անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ 220 քրեական վարույթներից 24-ն ավարտվել են մեղադրական եզրակացությամբ և 33 անչափահասի նկատմամբ ուղարկվել դատարան։
«60 վարույթ կարճվել է, որից 36-ը` ռեաբիլիտացնող, իսկ 24-ը՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքով։ 23 վարույթով ավարտվել են վարութային և ապացուցողական գործողությունները, 106-ի նախաքննությունը շարունակվում է»,– տեղեկացնում են ՔԿ–ից։
Դատարան ուղարկված վարույթներից 1-ը քննվել է սպանության, 5-ը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 1-ը՝ կողոպուտի, 6-ը՝ գողության, 2-ը՝ խուլիգանության, 1-ը՝ զենքի, 3-ը՝ թմրամիջոցների հետ կապված, 5-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:
Անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 699 քրեական վարույթներից 36–ի նախաքննությունն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 35 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան, 100-ով ավարտվել են վարութային և ապացուցողական գործողությունները, 340 քրեական վարույթ փոխանցվել է 2023 թվականի 2-րդ կիսամյակ:
«Դատարան ուղարկված վարույթներից 3-ը քննվել են առողջությանը ծանր վնաս պատճառելու, 2-ը՝ մարդուն առևանգելու, 7-ը՝ սեքսուալ բնույթի գործողությունների, 24-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Դատարան ուղարկված վարույթներով 35 մեղադրյալից 16-ը եղել են անչափահասի ընտանիքի անդամներ, 3-ը՝ խնամակալ, հոգաբարձու, 1-ը՝ բժշկական հաստատության աշխատակից:
Այս տարի ընտանեկան բռնության դեպքերով 391 քրգործ է հարուցվել. 58 անչափահաս է տուժել