Նորբերտո Բրիասկո Բալեկյանը կմասնակցի հավաքականի առաջիկա խաղերին

Նորբերտո Բրիասկո Բալեկյան. Արխիվային լուսանկար
Ֆուտբոլիստի վնասվածքը լուրջ չի եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը կհասցնի ապաքինվել վնասվածքից և Հայաստանի հավաքականի կազմում հանդես գալ Թուրքիայի և Խորվաթիայի հետ առաջիկա հանդիպումներում։ Այս մասին գրում է Sportball24.com-ը։
Կայքի տեղեկություններով` «Սարմիենտոյի» դեմ խաղում նրա ստացած վնասվածքը լուրջ չի եղել, այնպես որ «Բոկա Խունիորսի» հարձակվող Բալեկյանն արդեն կարող է մարզվել։
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը Երևան կժամանի վաղը և առաջիններից մեկը կլինի, որ կմիանա Հայաստանի հավաքականին՝ նախապատրաստվելու առաջիկա հանդիպումներին։
Ֆուտբոլիստը բաց կթողնի «Բոկա Խունիորսի» առաջիկա երկու հանդիպումները՝ «Տիգրեի» (սեպտեմբերի 4) և «Ալմագրոյի» (սեպտեմբերի 10) դեմ։
Հիշեցնենք՝ Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 4-ից մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, որից հետո կմեկնի Թուրքիա։
Սեպտեմբերի 8-ին Հայաստանի հավաքականը արտագնա խաղում ուժերը կչափի Թուրքիայի հավաքականի հետ, իսկ սեպտեմբերի 11-ին Երևանում կհյուրընկալի Խորվաթիայի ընտրանուն։
Եվրո-2024-ի ընտրական փուլի D խումբը 4 խաղից հետո գլխավորում է Թուրքիայի հավաքականը, որն ունի 9 միավոր։ Հայաստանի հավաքականը 3 խաղից հետո 6 միավորով երկրորդն է։ Խորվաթիան (2 խաղ) և Ուելսը (4 խաղ) ունեն 4-ական միավոր, իսկ Լատվիան պարտվել է անցկացրած բոլոր երեք խաղերում։