Ադրբեջանական ԶՈւ-ի ագրեսիվ վարքագիծը իրական վտանգ է բնակչության համար. ՀՀ ՄԻՊ

Անահիտ Մանասյանը. Արխիվային լուսանկար
ՀՀ ՄԻՊ–ն ահազանգեր է ստացել Սոթքի և Նորաբակի հատվածում տեղակայված դիրքերի ուղղությամբ հնչած կրակոցների առնչությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը վստահ է` ադրբեջանական զինված ուժերի ագրեսիվ վարքագիծը իրական վտանգ է ներկայացնում քաղաքացիական բնակչության կյանքի իրավունքի և անվտանգության տեսանկյունից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՄԻՊ աշխատակազմի մամուլի ծառայությունը։
«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սեպտեմբերի 1-ին ահազանգեր են ստացվել Գեղարքունիքի մարզի Սոթքի և Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից ինտենսիվ կրակոցներ արձակելու առնչությամբ։ Պաշտպանի աշխատակազմը մշտադիտարկում և փաստերի հավաքագրում է իրականացնում։ Դրանից հետո պաշտպանը հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ»,– ասված է հաղորդագրությունում։
Միևնույն ժամանակ, Ադրբեջանի ԶՈւ նմանատիպ վարքագիծը նաև կոպտորեն ոտնահարում է միջազգային իրավունքի սկզբունքները։ Պաշտպանն ընդգծել է նաև, որ կրակոցների հետևանքով խնդիրներ են առաջանում մյուս հիմնարար իրավունքների ապահովման տեսանկյունից:
Հայտնել էինք, որ ադրբեջանական ԶՈւ–ն սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
ՀՀ ՊՆ ավելի ուշ հայտնեց, որ Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր:
ՀՀ ԶՈւ համապատասխան ստորաբաժանումների մշտադիտարկման արդյունքում Սոթքի հատվածում արձանագրվում են Ադրբեջանի ԶՈւ ռազմական տեխնիկայի, լրացուցիչ անձնակազմի կենտրոնացման միջոցառումներ:
Ադրբեջանն այսօր հրաձգային զենքերից կրակ է բացել նաև Գեղարքունիքի մարզի Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։