Ով և ինչու կրակեց Լենինի վրա. 100-ամյա առեղծվածը մինչև հիմա չի պարզել ոչ մի «ուչաստկովի»

Sputnik
105 տարի առաջ՝ 1918 թվականի օգոստոսի 30-ին, մահափորձ կատարվեց համաշխարհային պրոլետարիատի առաջնորդ Վլադիմիր Իլյիչ Լենինի դեմ։ Բոլշևիկյան իշխանությունները շատ արագ հայտարարեցին, թե ամեն ինչ այնքան պարզ է, որ ինչպես մեզ մոտ ասվեց հոկտեմբերի 27-ից հետո, «ուչաստկովին էլ կարող է բացահայտել գործը»։ Պաշտոնական վարկածն այսպիսին էր՝ էսերները, որոնք, ինչպես ասում են, «չունեին» բոլշևիկների հետ և գտնում էին, որ նրանք դավաճանել են հեղափոխությանը, որոշեցին սպանել Լենինին, ինչը փորձեց անել Ֆաննի Կապլանը, բայց չստացվեց՝ Վլադիմիր Իլյիչը ողջ մնաց և ղեկավարեց նորակազմ Խորհրդային Միությունը մինչև 1924 թվականը։
«Սովետի» փլուզումից հետո սկսեցին աշխուժորեն քննարկվել նաև այլ վարկածներ, որոնք առաջ էլ էին շրջանառվում։
Լենինին կդիպչեն միայն հաջորդ կյանքում. դամբարանի մրցույթը չեղարկվել է
Կասկածները խորացան այն բանից հետո, երբ 1992 թվականին Ռուսաստանի գլխավոր դատախազությունը եզրակացրեց` մեջբերեմ.
«Հետաքննությունը կատարվել էր թերի։ Չի իրականացվել դատաբժշկական և ձգաբանական փորձաքննություն, չեն հարցաքննվել վկաներն ու տուժածները, չեն կատարվել քննչական այն գործողությունները, որոնք անհրաժեշտ էին հանցագործության հանգամանքները լիովին, համակողմանի և օբյեկտիվ պարզելու համար»։
Ինչպես տեսնում եք, այն ժամանակ՝ 105 տարի առաջ, փաստորեն ընդհանրապես ոչինչ չի արվել։ Եվ սա փաստ է՝ կրակող կնոջը բռնել են, շատ կարճ հարցաքննել են Կրեմլի նկուղներից մեկում և մահապատժի ենթարկել առանց դատ ու դատաստանի։
Ըստ վկաներից մեկի` Կենտրոնական գործադիր կոմիտեի նախագահ Յակով Սվերդլովը պարզապես հրահանգել է. «Տարեք սպանեք, ու որ դրա հետքն էլ չմնա»։
Դրանից հետո Ֆաննի Կապլանին դուրս են բերել Կրեմլի բակ, գնդակահարել, մարմինը դրել տակառի մեջ, բենզին լցրել ու վառել։
Ինչո՞վ է բացատրվում այս շտապողականությունը։ Ուղղակի հարցաքննության ժամանակ այդ կինն այնպիսի ցուցմունքներ է տվել, որոնք բոլորովին չէին համապատասխանում իշխանությունների ուզած վարկածին։ Բոլշևիկները ցանկանում էին ամեն ինչում մեղադրել էսերներին` արդարացնելով նրանց դեմ բռնաճնշումները, այնինչ Կապլանը համառորեն պնդում էր՝ ես այդ կուսակցությունից դուրս եմ եկել, էսերները մահափորձի հետ բացարձակ որևէ կապ չունեն, և Լենինին սպանելու միտքը իմ անձնական որոշումն էր։
«Մահափորձեր» մահվանից հետո. Լենինին նաև դամբարանում էին ուզում «սպանել»
Որոշ մեկնաբաններ պնդում են, որ հենց Սվերդլովն էլ Ձերժինսկու օգնությամբ կազմակերպել էր մահափորձը` հույս ունենալով զբաղեցնել Լենինի տեղը։ Երբ այս վարկածի հետևորդներին հարցնում են՝ այսինքն, դուք հավատում եք, որ հեղափոխականներն իշխանության գալուց անմիջապես հետո սկսեցին մտածել միմյանց ֆիզիկապես ոչնչացնելու մասի՞ն, նրանք տրամաբանորեն պատասխանում են՝ եթե Ստալինը նախաձեռնեց Կիրովի սպանությունը, ինչու Սվերդլովը չէր կարող սպանել Լենինին։
Լիքը հարցեր կան նաև կապված հենց Կապլանի հետ։ Որքան էլ զարմանալի է, նրան չի հաջողվել բռնել դեպքի վայրում, և ստույգ հայտնի է, որ կատարվածից հետո ուշքի գալով` Լենինը հարցրել է. «Ո՞ւր փախավ այն տղամարդը, որը կրակեց ինձ վրա»։
Խիստ տարբերվում էին նաև վկաների պատմածները։ Ոմանք պնդում էին, թե Կապլանը ընդհուպ մոտեցել է Լենինին և կրակել, մյուսները, հակառակը, հիշում են, որ Կապլանը կանգնած էր Լենինից մոտ 15 մետր հեռավորության վրա։ Եթե երբևէ կրակել եք ատրճանակից, դուք էլ կվկայեք, որ նման հեռավորությունից ճիշտ նշանակետին դիպչելը այնքան էլ հեշտ բան չէ, մանավանդ, եթե աչքերդ լավ չեն տեսնում, իսկ Կապլանը տեսողության լուրջ խնդիր ուներ՝ մի քանի տարի առաջ ռումբ էր պատրաստում, որը պայթեց հենց սենյակում և վնասեց նրա աչքերը։
Լենինն ու Շուշանիկ տատը. դերասան Մանուչարովը բացահայտել է ընտանեկան գաղտնիքները
Ի դեպ, նույնիսկ «Սովետի» օրոք լուրեր էին պտտվում, թե Ֆաննի Կապլանին ամենևին էլ մահապատժի չեն ենթարկել։ Ժամանակ առ ժամանակ նախկին կալանավորներից մեկը հայտարարում էր, թե 30-ականներին Կապլանի հետ նստել է նույն խցում այս կամ այն գաղութում։ Նույնիսկ այսպիսի գրեթե ֆանտաստիկ պնդում կա՝ մինչև 50-ականները Ֆաննի Կապլանն աշխատել է Կրեմլի գրադարանում։ Բայց ախր ես էլ շատ լավ հիշում եմ, որ այն տարիներին, երբ Վանո Սիրադեղյանը բացակայում էր Հայաստանից, ծանոթներիցս մեկը անառարկելի տոնով պատմում էր, թե ինչպես է իր բաջանաղի քավորը ամեն օր տեսնում Վանոյին դաշնակցականների սրճարանում, այն էլ Ռոբերտ Քոչարյանի պահակախմբի նախկին պետի հետ կոնյակ խմելիս։
Այսինքն, Լենինի դեմ մահափորձն էլ այն հանցագործությունների շարքից է, որոնց մասին մեկն ասում է, թե «հասարակ ուչաստկովին էլ կարող էր բացահայտել գործի բոլոր հանգամանքները», այնինչ շատ շատերը շարունակում են հավատալ, թե ամեն ինչ լավ կազմակերպված էր և նույնիսկ ակնարկում, թե կոնկրետ ովքեր են այդ ստվերային չարագործները։ Կարելի էր, իհարկե, ամփոփել մեր հայաստանցի վերլուծաբանների երևի թե ամենասիրած եզրակացությամբ. «Ժամանակը ցույց կտա», բայց դե փորձը վկայում է՝ ժամանակը շատ հաճախ ոչ մի բան էլ ցույց չի տալիս։
Միջուկային զսպումից մինչև միջուկային պատերազմ. կուզեի՞ք ապրել նման պայմաններում