ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. ԼՂ–ում ՌԴ խաղաղապահ զորախմբի նոր հրամանատար է նշանակվել։ Գեներալ–գնդապետ Ալեքսանդր Լենցովին փոխարինելու է եկել գեներալ–մայոր Կիրիլ Կուլակովը։ Տեղեկությունը հայտնում է «Արմենպրեսը»։
Լենցովը ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարի պաշտոնը զբաղեցրել է 4 ամիս, նա ապրիլի վերջին էր նշանակվել։
Ինչ վերաբերում է նոր հրամանատարին, ապա 54-ամյա Կուլակովը 2017 թվականից Կազանի բարձրագույն ռազմական հրամանատարական ուսումնարանի ղեկավարն է եղել։ 2014-2017 թվականներին գեներալը եղել է 7-րդ գվարդիական տանկային կազակական բրիգադի հրամանատար։
Նա ծնվել է 20.07.1969 թ., Ռոստովի մարզում։ Ավարտել է Կազանի Սուվորովի անվան ռազմական ուսումնարանը, Կազանի բարձրագույն տանկային հրամանատարական ուսումնարանը, ՌԴ Զինված ուժերի համակցված սպառազինության ակադեմիան։ Գեներալ-մայոր զինվորական կոչում շնորհվել է 11.06.2016թ.–ին։