ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի - Sputnik. Կոտայքի մարզի Հրազդանի Կոճոռ թաղամասի «Հին այգիներ» կոչվող հատվածում հայտնաբերվել է 57-ամյա նախրապան Մերուժան Հ.–ի դին։ Տեղեկություն հայտնում է shamshyan.com-ը։
Ոստիկանությունում ահազանգողը հայտնել է, որ իրենց նախրապանի հետ տևական ժամանակ է կապ հաստատել չի լինում, իսկ նախիրը վերադարձել է առանց նրա։
«Իրավապահները պարզել են, որ Մերուժան Հ․-ն առավոտյան դուրս է եկել խոշոր եղջերավոր անասուններին արածեցնելու, իսկ երեկոյան անասուններին բերելու ժամանակ ինքը չի վերադարձել։ Նրա քրոջ որդին՝ տեսնելով, որ քեռին տուն չի վերադարձել, երեկոյան սկսել է որոնողական աշխատանքներ կատարել և Կոճոռ թաղամասի «Հին այգիներ» կոչվող հատվածում հայտնաբերել նրա դին»,– հայտնում է կայքը։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ կրծքավանդակի և ոտքերի շրջանում հայտնաբերվել են վնասվածքներ։ Նախրապանի քրոջ որդին հայտնել է, որ հնարավոր է, որ այդ վերքերն առաջացել են ցլի հարվածներից։
Դեպքի փաստով սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։