ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի հետ քննարկել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման խնդիրն ու Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ–ում ՀՀ դեսպանատունը։
«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։
Ըստ այդ կետի` ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։ Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ Տրանսպորտային այս կապը հսկում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայությունը։ Կողմերի համաձայնությամբ կառուցվելու է տրանսպորտային ուղի՝ Նախիջևանն ու Ադրբեջանի արևմտյան շրջանները իրար կապելու համար։