ԵՐԵՎԱՆ 31 օգոստոսի — Sputnik. Լեռնային Ղարաբաղում Sputnik ռադիոյի մոսկովյան հեռարձակման դադարեցումը կապված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության հետ, որ Երևանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և Հայաստանի տարածքը ամրագրել 1991 թվականի սահմաններում։ Այս մասին հայտարարել է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը՝ պատասխանելով Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի նամակին:
Զատուլինն ավելի վաղ նամակ էր հրապարակել, որում, հղում անելով մեկ այլ ռադիոկայանի՝ «Սիթի – ՖՄ»-ի (որի հաճախականությամբ Sputnik-ը հեռարձակվում է Արցախում) տվյալներին, կոչ էր արել «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբին վերանայել այդ տարածքում «հեռարձակումը դադարեցնելու որոշումը»:
Կիսելյովի պատասխանից հետևում է, որ խոսքը ոչ թե կասեցման, ինչպես պնդում է Զատուլինը, այլ ռադիոհեռարձակման դադարեցման մասին է, ընդ որում գործակալությունը ելնում է Հայաստանի ղեկավարության նոր դիրքորոշումից:
«Ինչ-որ ժամանակ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ խաղաղության հասնելու համար Երևանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ամրագրել Հայաստանի տարածքը 1991 թվականի սահմաններում: Մենք ելնում ենք այդ հայտարարության փաստից և կարծում ենք, որ առանց Ադրբեջանի կարգավորող մարմինների հավանության Լեռնային Ղարաբաղի տարածքում մեր եթերի վերահեռարձակումը շարունակելը կասկածի տակ է դնում Մոսկվայի կողմից հարաբերությունների անկեղծությունը և հղի է մեր երկրների միջև միջպետական կապերի բարդացմամբ», - նշված է Կիսելյովի՝ Զատուլինին ուղղված նամակում ։
Նրա խոսքով՝ հեռարձակումը շարունակելու համար անհրաժեշտ է Բաքվի պաշտոնական թույլտվությունը։
«Եթե պաշտոնական Բաքվի կողմից ռադիոհեռարձակումը շարունակելու իրավական բոլոր նորմերին համապատասխան թույլտվություն ստացվի, մենք պատրաստ ենք երկարաձգել եթերը տարածաշրջանում։ Այստեղ կարևոր դեր կարող է խաղալ խորհրդարանական դիվանագիտությունը», - նշել է Կիսելյովը։
Մեդիախմբի գլխավոր տնօրենն ընդգծել է, որ ՌԴ-ն Ադրբեջանի և Հայաստանի հետ ավանդական գործընկերային հարաբերություններ է պահպանում՝ բազմամյա ջանքեր գործադրելով տարածաշրջանում խաղաղության հաստատման համար: