Մի լուսանկարում տան այն անկյունն է, որտեղ նա էր սիրում հանգստանալ, մյուսում պահարանում խնամքով դասավորված նրա շորերն են, մեկ ուրիշ լուսանկարում հայրն է՝ հայացքն այն ճանապարհին, որով որդին գնաց ու այլևս չվերադարձավ… Արմավիրի քաղաքապետարանի արվեստի դպրոցում ԿԽՄԿ-ն և Հայկական Կարմիր խաչի ընկերությունը 2020-ի պատերազմի հետևանքով անհետ կորածների ընտանիքների հետ միասին կազմակերպել են «Լուռ ներկայություն․ սպասման ու կարոտի պատմություններ» ֆոտոցուցահանդեսը։
Գոհար Աբրահամյան
© Sputnik / Asatur Yesayants
Տիկին Գոհարը որդուն սպասում է արդեն 3 տարի։ Իր հոգեվիճակը ներկայացնելու համար նկարել է փակված թևեր, կողքին կարոտի իր տողերն են.
«Իմ փակված թևերն են, կբացեմ այն ժամանակ, երբ որդիս վերադառնա… Ես անհամբեր սպասում եմ այն պահին, որ դուռը կբացվի, և որդիս նույն զինվորական համազգեստով ներս կմտնի»։
Նրա որդին՝ Աղվանը, անհետացավ 33 տարեկանում՝ թողնելով կնոջն ու 3 զավակներին, կրտսերն այդ ժամանակ 3 տարեկան էր։ Վերջին անգամ Աղվանի հետ խոսել են հոկտեմբերի 17-ին, Ջրականում էր։
«Հո չփոշիացան մեր երեխեքը։ Անընդհատ ականջս ձայնին է, ես գիտեմ, որ իմ տղեն կգա»,-արցունքն աչքերին ասում է մայրը։
Շողակաթ Պետրոսյան
© Sputnik / Asatur Yesayants
35-ամյա Ալբերտ Մելքոնյանը ծանուցագիրը ստացավ հենց սեպտեմբերի 27-ին, թեպետ ընտանիքը դեմ էր, բայց 2 օր անց մեկնեց։
«Ամեն օր զանգում էր, խոսում էինք, ասում էր՝ ամեն ինչ լավ է, ուղարկեցին Զանգելան՝ գրավված տարածքներ, ընկան շրջափակման մեջ»,- արցունքները սրբելով պատմում է մայրը՝ Շողակաթ Պետրոսյանը։
Որդու վերադարձի հանդեպ հավատը չի կորցնում։
«Սպասում եմ ու կսպասեմ…»,- հեկեկոցով ասում է տիկին Շողակաթը։
«Կարոտել եմ քո մամա բառին», «Կյանքում ինչ էլ լինի, չեմ դադարի սպասել քեզ, պա’պ», «Բալիս վերադարձին շատ, շատ եմ սպասում», «Հե’տ արի նույն ճանապարհով, որ կրկին բալիկներդ վազեն քեզ ընդառաջ և բացականչեն.«պապան եկավ»»…Այսպես ֆոտոցուցահանդեսում լուսանկարիչ Արեգ Բալայանը 18 ընտանիքների պատմություններ է ներկայացրել։
Կարմիր խաչի տվյալներով՝ 2020-2022թթ ընթացքում 298 անձ է գրանցված որպես անհետ կորած։
Զառա Ամատունի
© Sputnik / Asatur Yesayants
«Անցյալ տարի մենք կատարել ենք կարիքների գնահատում հիմնականում 2020թ. հակամարտության սրացման հետևանքով անհետ կորածների ընտանիքների շրջանում, որը թույլ է տվել հասկանալ տարբեր խնդիրներ, որոնց բախվում են ընտանիքներն իրենց սպասման ընթացքում։ Դա հիմք դարձավ սկսելու ընտանիքների սատարման ծրագիր»,- լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Նրա խոսքով՝ անդրադարձել են տարբեր խնդիրների, այդ թվում՝ հոգեսոցիալական, տնտեսական, իրավաբանական և այլն։ Ծրագրի սկիզբը դրվել է Արմավիրի մարզում։
«Ընտանիքներն իրենք հանդես եկան առաջարկով՝ կազմակերպելու հանրային միջոցառում, որտեղ կկարողանան ներկայացնել իրենց հույզեր ու սպասումը»,- ասում է Ամատունին։
Արդյունքում ծնվեց այս ֆոտոցուցահանդեսը, որը ցույց է տալիս այն անորոշությունը, որի մեջ տարիներ շարունակ ապրում են անհետ կորածների ընտանիքները։
Նշենք, որ ԿԽՄԿ հավաքագրած տվյալներով՝ 90-ականների Արցախյան պատերազմից մինչև այսօր շուրջ 700 անձ է համարվում անհետ կորած։