ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի–Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Բարձրագույն դատական խորհրդի մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը։
«Հակակոռուպցիոն դատարանը մերժել է փաստաբանների` խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։ Դա նշանակում է, որ նա կմնա կալանքի տակ»,– ասաց նա։
Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանը հունիսի 14–ին նույնպես մերժել էր Դավիթ Տոնոյանի փաստաբանական թիմի ներկայացրած միջնորդությունը խափանման միջոց կալանքը փոխելու մասին։
Իբրև հիմնավորում դատարանը նշել էր, որ Տոնոյանը, որպես նախկին բարձրաստիճան պաշտոնյա, կարող է ազդեցություն ունենալ գործով անցնող մարդկանց վրա։
Հիշեցնենք` 2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։
Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին: