Երևանի կենտրոնական փողոցներում այս րոպեներին ղարաբաղյան դրոշով երթ է իրականացվում` ի պաշտպանություն Արցախի։
Մասնակիցները կենտրոնական տարբեր փողոցներով շրջում են Արցախի մի քանի մետրանոց դրոշը ձեռքներին։ Ակցիայի մասնակիցներն անցել են Գրիգոր Լուսավորիչ, Վազգեն Սարգսյան, Ամիրյան, Զաքյան փողոցներով, Մաշտոցի պողոտայով և դեռ շարունակում են շրջել մայրաքաղաքում։
Երևանի կենտրոնով Արցախի դրոշով երթ է
© Sputnik / Lilit Demuryan
Նրանց վերջնակետը լինելու է Հանրապետության հրապարակը։
Երթի մասնակիցները վանկարկում էին` «Արցախ», «ազատություն Արցախին», «միացե՛ք» և այլն։ Անցնող մեքենաների վարորդներն էլ ի աջակցություն երթ իրականացնողների, ազդանշաններ են տալիս։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։