«Փյունիկի» կիսապաշտպանն ապաքինվելուց հետո հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական

Հովհաննես Հարությունյան
Սեպտեմբերի 8-ին Հայաստանի հավաքականը արտագնա խաղում ուժերը կչափի Թուրքիայի հավաքականի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի, Sputnik- Խաչիկ Չախոյան. Երևանի «Փյունիկի» կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանն ապաքինվելուց հետո հրավեր է ստացել Հայաստանի ազգային հավաքականից:
Ավելի վաղ, երբ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել էր հրավիրված ֆուտբոլիստների հայտացուցակը, Հարությունյանի անունն այնտեղ բացակայում էր։
Սակայն հետո վնասվածք ստացավ նաև Նորբերտո Բրիասկո Բալեկյանը։ Դժվար է ասել, որ «Փյունիկի» կիսապաշտպանը հրավիրվել է Բալեկյանի փոխարեն, որովհետև այս 2 ֆուտբոլիստները խաղում են տարբեր դիրքերում։ Այդ պատճառով չի բացառվում, որ մինչև հավաքի մեկնարկը Պետրակովը կարող է ներգրավել նաև այլ ֆուտբոլիստների։
Հովհաննես Հարությունյան
Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 4-ից մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, որից հետո կմեկնի Թուրքիա։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 8-ին Հայաստանի հավաքականը արտագնա խաղում ուժերը կչափի Թուրքիայի հավաքականի հետ, իսկ սեպտեմբերի 11-ին Երևանում կհյուրընկալի Խորվաթիայի ընտրանուն։
Եվրո-2024-ի ընտրական փուլի D խումբը 4 խաղից հետո գլխավորում է Թուրքիայի հավաքականը, որն ունի 9 միավոր։ Հայաստանի հավաքականը 3 խաղից հետո 6 միավորով երկրորդն է։ Խորվաթիան (2 խաղ) և Ուելսը (4 խաղ) ունեն 4-ական միավոր, իսկ Լատվիան պարտվել է անցկացրած բոլոր երեք խաղերում։