ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի–Sputnik. Տարածաշրջանային լեզուների ուսուցման շրջանակում պարսկերենի դասավանդումը ՀՀ հանրակրթական դպրոցներում շատ կարևոր է։ Այս մասին ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև բարձրագույն կրթության ոլորտում անելիքներին: Առաջարկվել է ստեղծել մասնագիտական աշխատանքային խմբեր, որոնք կմշակեն նաև ճանապարհային քարտեզ միջբուհական համագործակցությունը զարգացնելու նպատակով:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է իրանցի գործընկերների կողմից ՀՀ բուհերում և դպրոցներում պարսկերեն դասավանդողների վերապատրաստման ծրագրի իրագործումը:
Երկկողմ համագործակցության ուղղությամբ հատկապես ընդգծվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև կրթության բնագավառում համագործակցության մասին 2023-2027 տարիների համար» փոխըմբռնման հուշագրի նախագիծը, որը ենթադրում է մի շարք համատեղ ծրագրեր երկու երկրների միջև տարբեր ոլորտներում:
Հանդիպմանը քննարկվել են նաև գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում հնարավոր համագործակցությունը՝ փորձի փոխանակման, համատեղ ծրագրերի իրականացման համատեքստում: