ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Գյուղն իր ուսերին պահում է քաղաքը, սահմանն ու երկիրը, հետևաբար շատ կարևոր է, որ գյուղացին լավ ապրի ու իր խնդիրների հետ մենակ չլինի։ Այս մասին այսօր հայտարարեց Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը Խնձորեսկ բնակավայրում «Հին Խնձորեսկ» անվանումը կրող հատիկաընդեղենի արտադրամասի բացման արարողություն ժամանակ։
Սյունիքի մարզի Գորիսի համայնքապետարանի և ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի համագործակցության շնորհիվ, ինչպես նաև Հայաստանում Չինաստանի դեսպանատան աջակցությամբ բացվել է տեղական հատիկաընդեղեն մշակաբույսերի արտադրության գործարան, որտեղ մշակվելու, տեսակավորվելու և փաթեթավորվելու է արտադրանքը:
«Սահման պահող Խնձորեսկում այսօր չափազանց կարևոր օր է, քանի որ այս գործարանը ռազմավարական նշանակություն ունի ոչ միայն Գորիս համայնքի, այլև Սյունիքի մարզի համար»,-ասաց Յոլյանը։
Խնձորեսկում տեղական հատիկաընդեղենի մշակաբույսերի արտադրության գործարան է բացվել
© Sputnik
Գործարանի բացման արարողությանը ներկա էր նաև Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը։
«Շատ ուրախ եմ ներկա գտնվելու հայ-չինական համագործակցության նոր ձեռքբերմանը։ Չինաստանն աշխարհի ամենամեծ զարգացող երկիրն է և ուզում է օգնել զարգացող երկրներին հասնել ինքնազարգացման ավելի բարձր մակարդակի»,-ասաց նա։
Նշենք, որ ծրագրի շրջանակներում շուրջ 60 տնտեսություն օժանդակություն է ստացել: Նպատակն է խթանել առողջ մշակաբույսերի աճը՝ ապահովելով համայնքում գյուղատնտեսության եկամտաբեր աճ։ Ծրագրի շրջանակներում բնակավայրին տրամադրվել է անհրաժեշտ գյուղատնտեսական տեխնիկա`արտադրությունը կազմակերպելու համար, այդ թվում՝ շարքացան, կոմբայն:
Ստեղծվել է գյուղատնտեսական կոոպերատիվ, որի անդամները Խնձորեսկի բնակիչներն են, որոնք նոր տեխնոլոգիաների կիրառմամբ պետք է նպաստեն գյուղատնտեսության զարգացմանը:
Հավելենք, որ ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի շրջանակներում ձեռք են բերվել գործարանի կառուցման համար անհրաժեշտ նյութերը, իսկ աշխատանքներն իրականացվել է Գորիսի համայնքապետարանը։
Խնձորեսկում տեղական հատիկաընդեղենի մշակաբույսերի արտադրության գործարան է բացվել
© Sputnik