ՀՀ–ն մեր մերձավոր դաշնակիցներից է, ռազմավարական գործընկերը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում նշել են, որ ռուս-հայկական կապերը շարունակում են զարգանալ ինքնիշխանության և անկախության նկատմամբ փոխադարձ հարգանքի, իրավահավասարության և միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների հիման վրա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի - Sputnik. Հայաստանը Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցներից մեկն է, ռազմավարական գործընկերը Հարավային Կովկասում։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ՝ բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին երկկողմ պայմանագրի ստորագրման 26-ամյակի առթիվ։
Գերատեսչությունը հիշեցրել է, որ 1997 թվականի այս օրը ստորագրվել է Ռուսաստանի և Հայաստանի միջև բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագիրը: Փաստաթուղթը սկիզբ է դրել միջպետական կապերի ժամանակակից փուլին։
Մտադիր ենք ՌԴ-ի հետ մեր համագործակցությունը զարգացնել տարբեր ոլորտներում. Քերոբյան
Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են ամրապնդել բարեկամության և համակողմանի համագործակցության ավանդական հարաբերությունները քաղաքական, տնտեսական, ռազմական, գիտական, մշակութային և այլ ոլորտներում: Երկրները նաև պարտավորվել են փոխգործակցել ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ ամբողջ աշխարհում կայունության և անվտանգության ավելացման գործում:
«Պայմանագրի ստորագրումը պայմաններ է ստեղծել ռուս–հայկական քաղաքական երկխոսության ընդլայնման, առևտրատնտեսական, գիտատեխնիկական, հումանիտար և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման համար»,-ասվում է հայտարարության մեջ:
Հետագայում երկկողմ հարաբերությունների իրավական բազան ընդլայնվել է մինչև 200 փաստաթուղթ, համակարգված աշխատանք է տարվում դրանց գույքագրման ուղղությամբ։
Ռազմական համագործակցության հարցեր են քննարկել ՌԴ ու ՀՀ պաշտպանության փոխնախարարները
ԱԳՆ-ում նշել են, որ ռուս-հայկական կապերը շարունակում են զարգանալ 1997 թվականի պայմանագրում ամրագրված սկզբունքների հիման վրա: Դրանց թվում են պետական ինքնիշխանության և անկախության նկատմամբ փոխադարձ հարգանքը, իրավահավասարությունն ու միմյանց ներքին գործերին չմիջամտելը, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը։