Սեպտեմբերը սովորականից ավելի տաք կլինի. Սուրենյանը՝ առաջիկա եղանակային պայմանների մասին

Արևոտ աշնանային օր Երևանում
Տեղումների քանակն առաջիկա ամսում նորմայի սահմաններում կլինի, այսինքն գրեթե նույն քանակությամբ ինչ օգոստոսի ամսին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունում գրեթե ողջ սեպտեմբերին ամառային ջերմային ֆոն կդիտվի, ջերմաստիճանն էլ նորմայից 1-2 աստիճանով բարձր կլինի։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Սեպտեմբերին օրացույցով տեղափոխվում ենք աշուն, սակայն ընդհանուր առմամբ կլիմայական ցուցանիշներով այն բացարձակ ամառային ամիս է։ Մինչև սեպտեմբերի 20-ը հանրապետության նույնիսկ լեռնային շրջաններում ամառային ջերմային ֆոն է դիտվելու։ Այս տարվա սեպտեմբերին օդի ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է 1-2 աստիճանով կլիմակայան նորմայից բարձր, այսինքն` ավելի տաք սեպտեմբերի կլինի»,– նշեց Սուրենյանը։
Նա ընդգծեց, որ տեղումների քանակը նորմայի սահմաններում կլինի, այսինքն գրեթե նույն քանակությամբ, ինչ օգոստոսին։
Փորձագետը նշեց, որ հարավ–արևմուտքից այսօր ցիկլոն է ներթափանցելու ՀՀ տարածք, բայց վաղը կեսօրից հետո և հատկապես երեկոյան ժամերին շրջանների մեծ մասում կլինեն ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ։ Օդի ջերմաստիճանն էլ մոտ 4-5 աստիճանով կիջնի, սակայն դա կտևի 1 օր։
Օգոստոսի 30-ից այդ ցիկլոնն աստիճանաբար դուրս կգա Հայաստանից։