ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Այս պահին Հայաստանում 400 մարդ երիկամի փոխպատվաստման կարիք ունի։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից՝ ի պատասխան գրավոր հարցմանը, ներկայացնելով օգոստոս ամսվա տվյալները։
Դեռ ապրիլին 500 մարդ դոնորական երիկամի կարիք ուներ։ Այսպիսով, վերջին երեք ամիսների ընթացքում նման հիվանդների թիվը 100-ով նվազել է։ Գերատեսչությունում, սակայն, չեն պարզաբանում` այդ մարդիկ ստացե՞լ են անհրաժեշտ օգնությունը, թե՞ պարզապես չեն հասցրել ստանալ այն։
Նշենք, որ 1100 քաղաքացի հեմոդիալիզ է ստանում։
Կենդանի դոնորներից օրգանների փոխպատվաստման վիրահատությունները երկրում իրականացվում են 2019 թվականից, երբ Հայաստանում հաստատվեց փոխպատվաստման թույլատրված օրգանների ցանկը (կենդանի դոնորներից երիկամներ, լյարդ և եղջերաթաղանթ): Այսպես, վերջին չորս տարվա ընթացքում երիկամ է փոխպատվաստվել է 62 հիվանդի, իսկ լյարդ՝ 9 հիվանդի։ Բոլոր օրգանները փոխպատվաստված են կենդանի դոնորներից:
Ընդհանուր առմամբ, հանրապետությունում ապրում է փոխպատվաստված երիկամով 116, փոխպատվաստված լյարդով՝ 16, իսկ փոխպատվաստված սրտով՝ 1 քաղաքացի: Սակայն այդ միջամտությունների մեծ մասն իրականացվել է հանրապետության սահմաններից դուրս։
Ընդ որում, առողջապահության նախարարությունը տվյալներ չունի (կամ հաշվառում չի վարում) սրտի փոխպատվաստման կարիք ունեցող քաղաքացիների մասին, թեև հանրապետությունում մահացությունների 50 տոկոսը բաժին է ընկնում հենց սրտանոթային համակարգի հիվանդություններին:
Հարցը կլուծվի միայն օրգանների դոնորների (այդ թվում՝ դիակային) և ռեցիպիենտների ռեեստրի վերջնական ներդրումից, ինչպես նաև սրտի փոխպատվաստման համար անհրաժեշտ բոլոր իրավական նորմերի հաստատումից հետո:
Գերատեսչությունում նշել են, որ անհրաժեշտ է նաև մի շարք օրենսդրական բարեփոխումներ իրականացնել: Մասնավորապես՝ լրացումներ կատարել «Փոխպատվաստման համար օրգանների ցանկը հաստատելու մասին» թիվ 3 որոշման մեջ (այժմ սիրտը դրանում ներառված չէ):
Հետո պետք է ստեղծվի և հաստատվի դիակային դոնորից սիրտը վերցնելու և փոխպատվաստման նպատակով դրա մշակման կարգը: Այդ պատասխանատվությունը դրվելու է հատուկ ստեղծված աշխատանքային խմբի վրա։ Առանցքային է նաև բժշկական կենտրոնների բժիշկների վերապատրաստումը, որտեղ օրգանները կհանվեն, ինչպես նաև այսպես կոչված օրգանների պահոցի ստեղծումը։
Ռեեստրի գործողության և ձևավորման կարգն ընդունվել և հաստատվել է դեռ 2022 թվականի հունվարին, ուժի մեջ է մտել 2022 թվականի նոյեմբերին։ Հրամանով հաստատված ծրագրային աշխատանքները մշակման են հանձնվել «էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ-ի կողմից:
Գերատեսչությունը չափազանց կարևոր է համարում նախաձեռնությունը, քանի որ ռեեստրը թույլ կտա զարգացնել փոխպատվաստման ոլորտը, ինչպես նաև կարագացնի ՀՀ-ում հետմահու դոնորության համակարգի գործարկման գործընթացը, կբարելավի հիվանդների կյանքի որակը, կապահովի նրանց սոցիալական ադապտացիան, կնվազեցնի նրանց շրջանում մահացության գործակիցը: