Դեպի Կապան թռիչքի խոչընդոտը անվտանգությունն է, ոչ թե եղանակը. Բելույան

«Արմավիայի» նախկին գլխավոր տնօրենի խոսքով` Երևան–Կապան–Երևան չվերթերի հիմնական խոչընդոտը քաղաքական իրավիճակն է ու անվտանգության պայմանների բացակայությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Երևան–Կապան–Երևան չվերթերի իրականացումն անվտանգային իրավիճակից ելնելով անիրատեսական է և հնարավոր չէ, իսկ վատ եղանակային պայմանների պատճառով չվերթեր չիրականացնելու պաշտոնական վարկած արժանահավատ չէ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Արմավիա» ավիաընկերության նախկին գլխավոր տնօրեն Նորայր Բելույանը։
Օգոստոսի 21-ին պաշտոնապես բացված Երևան–Կապան–Երևան չվերթը ընդամենը 4 օր անխափան իրականացվելուց հետո օգոստոսի 25-ին չկայացավ։ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի պաշտոնական հաղորդագրության համաձայն` պատճառը եղանակային վատ պայմաններն են եղել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ օգոստոսի 28-ի չվերթը ևս չեղարկել է ու դարձյալ եղանակի պատճառով։
«Այս պայմաններում ո՞նց կարող է ինքնաթիռը թռչի, գնա–գա ու նորմալ գործի։ 1-2 թռիչք հնարավոր է` իրականացվի, չնայած` ես չեմ հավատում դրան։ Այս վիճակում դա հնարավոր չէ անվտանգային տեսանկյունից։ Իսկ եղանակային վատ պայմանների պատճառաբանությունը տեղին չէ։ Բոլորն էլ տեսնում են, որ եղանակը հիմա վատ չէ»,–ասաց Բելույանը։
Նրա խոսքով` հիմնական խոչընդոտը քաղաքական իրավիճակն ու անվտանգության պայմանների բացակայությունն է։
Փաստորեն Ադրբեջանը հայտարարում է, որ ինքնաթիռն այսպես թե այնպես անցնելու է իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքով, իսկ ՀՀ քաղավիացիայի կոմիտեն վստահեցնում, որ բացառապես ՀՀ տարածքով է անցնելու։
«Իրականում հենց այդ հարցերն են, որ խանգարում են չվերթին։ Պետք է հասկանալ` որն է Ադրբեջանը համարում իր տարածքը, որն ենք մենք համարում մեր տարածքը։ Վտանգը նրանում է կայանում, որ ինչ–որ տարածք իրենք համարում են իրենց տարածքը, հետո ասելու են` մեր տարածքով թռավ ինքնաթիռը, ու դրա հետևանքը վատ է լինելու, եթե, իհարկե, թռչի»,–նշեց նա։
Բելույանն ընդգծում է, որ ի սկզբանե հնարավոր էր գնահատել ռիսկերը կանոնավոր չվերթերի մասին հայտարարելուց առաջ, սակայն, ըստ էության, կարծել են, թե կստացվի։
«Ցանկությունը շատ մեծ է եղել, որ չվերթն իրականանա։ Դա իրականում ճիշտ ցանկություն է, բայց այս պահին հնարավոր չէ»,–հավելեց նա։
Հիշեցնենք` ՀՀ մայրաքաղաքից դեպի Սյունիքի մարզ կանոնավոր չվերթերի մեկնարկը տրվել է օգոստոսի 21-ից։ Չվերթերն իրականացվում են L-410–UVP E20 տիպի 17–տեղանոց ինքնաթիռով։
Կանոնավոր թռիչքներն իրականացվելու են շաբաթական երկու անգամ` երկուշաբթի և ուրբաթ օրերին։ Երևանից թռիչքն առավոտյան 8։00-ին է, Կապանից` 10։00-ին։ Մի ուղղությամբ տոմսի արժեքը` սկսած 20.000 ՀՀ դրամից։