ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը հանրության դատին է հանձնել աշխարհահռչակ շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշարձանի 37 հայտ–էսքիզ։ Տեղեկությունը հրապարակված է քաղաքապետարանի «Ակտիվ քաղաքացի» հարթակում։
Քաղաքացիները կկարողանան քվեարկել մինչև օգոստոսի 31-ը` ժամը 14։00-ն։
«Հուշարձանի նախագծի ընտրության համար հայտարարվել էր բաց մրցույթ, որի ընթացքում ստացված 37 հայտ-էսքիզները կներկայացվեն նաև հատուկ ձևավորված հանձնաժողովի քննարկմանը։ Հանձնաժողովի 12 հոգանոց կազմում ընդգրկված են Երևանի քաղաքապետարանի պատասխանատուներ, Ազնավուրի ընտանիքի անդամներ, ոլորտի հեղինակավոր մասնագետներ»,– ասված է հաղորդագրությունում։
Առավելագույն ձայներ ստացած էսքիզ-նախագիծը կներառվի և կարտացոլվի հանձնաժողովի քվեարկության արդյունքներում` հանձնաժողովի երկու անդամի քվեարկության «կողմ» ձայնի չափով:
Քվեարկել կարող եք այստեղ։
Ընտրությունը կատարվելու է հետևյալ կերպ` 50%-ով հաշվի կառնվի մասնագիտական կարծիքը, իսկ մյուս 50%-ով` քաղաքացիներինը։
Հիշեցնենք` Շառլ Ազնավուրը (իրական անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյան) ծնվել է 1924 թվականի մայիսի 22–ին` արտիստների ընտանիքում` հայրը երգիչ էր, մայրը` դերասանուհի։ Ֆրանսահայ նշանավոր երգիչ, շանսոնյե, հասարակական գործիչն իր երաժշտական կարիերայի ընթացքում (սկսած 1940 թ.–ից) ձայնագրել է մոտ 1200 երգ տարբեր լեզուներով` ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն, գերմաներեն, հայերեն, ռուսերեն։
Շանսոնյեն մահացել` 2018 թվականի հոկտեմբերի 1-ին։