ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 25-27-ը Երասխում Ադրբեջանի կրակոցները տարբերվել են ոչ միայն ինտենսիվությամբ, այլև թիրախների ուղղությամբ։ Եթե նախկինում Ադրբեջանի ԶՈւ–ն կրակում էր կառուցվող մետաղաձուլական գործարանի շինհրապարակի ուղղությամբ, ապա այս օրերին կրակոցների թիրախում եղել են գործարանի աշխատակիցների կացարանները։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Երասխում գործարան կառուցող «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության տնօրեն Տիրան Հակոբյանը։
Երասխում մետաղաձուլական գործարան կառուցող «Ջի Թի Բի Սթիլ» ընկերությունն այսօր հայտարարել էր, որ օգոստոսի 25-ից 27-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը բարձր ինտեսիվությամբ է կրակել է Երասխի ուղղությամբ` երկու օրվա ընթացքում ավելի քան 60 կրակոց արձակելով բանվորների կացարանների ուղղությամբ։
«Առաջ կրակում էին հիմնականում աշխտանքային պրոցեսի ժամանակ` տեխնիկայի ուղղությամբ։ Այս անգամ վնասել են աշխատակիցների կեցավայրը` պատուհաններ, դռներ և այլն»,– ասաց Հակոբյանը` պատմելով, որ կրակոցները եղել են երեկոյան, երբ աշխատողները կացարանի ներսում են եղել։
Բարեբախտաբար, տուժածներ չկան։
Ադրբեջանական ագրեսիայի ակտիվացումը, Տիրան Հակբյանի խոսքով, անհանգստացնող է։ Լարված վիճակի պատճառով գործարանի շինարարությունը դադարեցված է։ Գործարանի տեղափոխման հարցը ևս շարունակում է օրակարգում մնալ։
«Դա քննարկվող տարբերակներից մեկն է, բայց որոշումը դեռ ավարտուն տեսք չունի»,– ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ հարցը քննարկվում է թե՛ տնօրենների խորհրդի մակարդակով, թե՛ պետական մարմինների հետ։
Գործարանի սեփականատերերն արդեն հստակ որոշում ունեն` Ադրբեջանի ագրեսիային լինելու է իրավական արձագանք նաև միջազգային իրավական ատյաններում։ Փակագծերը, սակայն, դեռ չեն բացվում նախատեսվող գործողություններին չխանգարելու համար։
Տիրան Հակբյանը չի թաքցնում` սեփականատերերը բավական լուրջ ֆինանսական վնասներ են կրում։ Տարածքում մեծ գումարներ են ներդրվել, բայց գործարանը ոչ միայն դեռ եկամուտ չի բերում, այլև անգամ կառուցել չի հաջողվում։
Հիշեցնենք` Հունիսի 13-ից ադրբեջանական զինուժը պարբերաբար գնդակոծում է Երասխի գործարանի շինհրապարակը, միջադեպերից մեկի ժամանակ վիրավորվել էին Հնդկաստանի երկու քաղաքացի:
Ավելի վաղ Sputnik Արմենիայի աղբյուրը հայտնել էր, որ Երասխում կառուցվող գործարանն առաջիկայում կարող է տեղափոխվել ավելի անվտանգ վայր։