ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող Ալեն Նելսոնի Սարգսյանին՝ ծնված 2001թ.: Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Առևանգման պատճառների մասին որևէ հավաստի տեղեկություն դեռևս հայտնի չէ: Ալեն Սարգսյանն ուսանող է, որը մեկնում էր Երևան՝ իր ուսումը շարունակելու նպատակով:
«Ադրբեջանը շարունակում է Արցախի ժողովրդի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը՝ հերթական անգամ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը»,–ասված է հաղորդագրության մեջ:
Դեպքի վերաբերյալ մանրամասները կհայտնվեն ավելի ուշ:
Հիշեցնենք, որ հուլիսի 29–ին էլ կրկին Լաչինի միջանցքից Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները առևանգել էին ԿԽՄԿ միջնորդությամբ և ուղեկցությամբ ՀՀ տեղափոխվող անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող Վագիֆ Խաչատրյանին։
Ադրբեջանում նրան կալանավորել են։ Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։