Թբիլիսիից 30 կմ հեռավորության վրա՝ միջնադարյան Շիոմգվիմե վանքի մոտ, սողանք է եղել, լեռան լանջի մի մասը փլուզվել է։ Փլուզման տեսանյութը տարածվել է սոցցանցերում։
Կադրերում երևում է, թե ինչպես են վանքում ներկա քաղաքացիները, այդ թվում՝ զբոսաշրջիկները, հապճեպ հեռանում դեպքի վայրից։
Վրաստանի պատրիարքարանի հասարակայնության հետ կապերի ծառայության տվյալներով, փլուզման հետևանքով ոչ ոք չի տուժել։
«Պարզվում է, վանքի մոտ գտնվող սարից պարբերաբար փլուզումներ են լինում, սակայն այս տարի փլուզումն ավելի զանգվածային է եղել»,- նշված է հաղորդագրության մեջ։
Շիոմգվիմե միջնադարյան վանական ճարտարապետական համալիր է Մցխեթա քաղաքի մոտ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 3–ին Շովի հանգստավայրում սողանք էր տեղի ունեցել։ Փրկարարներին հաջողվել էր աղետի գոտուց տարհանել 210 մարդու, 31-ը զոհվել էր։