Սոնան իմ թևերն է դարձել. պատերազմում ձեռքերը կորցրած Վարազդատի հարսանիքն է

Պսակադրությունը Արտաշատի եկեղեցում է, որից հետո զույգն ուղղաթիռով մեկնելու է Ծովագյուղ` հարսանեկան խնջույքին մասնակցելու։
Sputnik
Այս օրվան նրանք երկար են սպասել. պատերազմում ձեռքերը կորցրած Վարազդատ Սանեյանն ու իր սիրելին` Սոնան, ամուսնանում են։ 2021 թվականին` նրանց նշանադրությունից հետո, Sputnik Արմենիան այցելել էր Ծովագյուղ` Սանեյանների ընտանիք, զրուցել Վարոյի ու Սոնայի հետ։ Ծրագրում էին ամուսնանալ արդեն հաջորդ տարի, սակայն հանգամանքների բերումով հարսանիքը միայն 2,5 տարի անց է կայանում։
Վարազդատն ու Սոնան

Ի՞նչ է փոխվել այս երկու տարվա ընթացքում

Վարոյի խոսքով` այս ընթացքում իր կյանքում մեծ փոփոխություններ չեն եղել։ Պրոթեզավորվել է, բայց պրոթեզների ֆունկցիոնալությունը լիարժեք չէ, ուստի հիմա չի օգտագործում։
«Անձնական կարիքներ հոգալ չեմ կարողանում. բիո–պրոթեզներ են, բայց սխալ են սարքված»,– ասում է Վարոն։ Հարսանիքից մի քանի օր հետո պետք է հանդիպի մասնագետների հետ` հասկանալու համար` պետք է թերությունը վերացվի՞, թե՞ պրոթեզն ամբողջությամբ փոխվի։
«Անկեղծ ասած` Սոնային ավելի լավ իմ թևերով եմ գրկում, քան թե պրոթեզներով»,– ժպտում է Վարոն։
Աշխատանք չի գտել. ասում է` տարբեր տեղեր դիմել է, բայց մտավախությամբ` արդյոք կարողանալու աշխատանքը լիարժեք կատարել, թե ոչ։ Որոշել է` ամուսնությունից հետո աշխատանքի հարցն էլ կլուծի։
Վարազդատն ու Սոնան

Վեճեր

Վեճեր լինում են։ Վարոյի կարծիքով` դրանց հիմնական պատճառը հեռավորությունն է. ինքը Ծովագյուղում է, Սոնան` Արտաշատի Բերքանուշ գյուղում։ Վստահ է` ամուսնությունից հետո վեճերը կպակասեն։
«Կարևորը սերն է, հավատարմությունը, փոխըմբռնումը»,– նշում է Վարոն։
Սոնայի հետ միասին են 2017 թվականից, երբ աղջիկը դեռ դպրոցական էր։ Չնայած երիտասարդ տարիքին, բառի բուն իմաստով` միասին անցել են մի ամբողջ կյանք ու կռիվ։
Վարազդատն ու Սոնան

Վարոյի թևավոր երջանկությունը

«Սոնան իմ թևերն է»,– ասում է Վարազդատը։
Ձայնը մեղմանում է։ Չէ՞ որ անգամ այս կարգավիճակում Սոնան իր կողքին մնաց։ Մեկմեկու խոստացել են իրար կողքի լինել մինչև կյանքի վերջ։ Սա Վարազդատին եռակի, քառակի ուժ է տալիս` հաղթահարելու մեծ ու փոքր խնդիրները, կյանքն ավելի թեթև ապրելու։
«Սոնան ինձ շատ է օգնում։ Ես իր հետ խոսել եմ, բացատրել եմ` հիմա ծնողներս ողջ են, ինձ առօրյա հարցերում օգնում են, բայց երբ որ մի օր չլինեն, ամբողջ դժվարությունն իր ուսերին է մնալու։ Սոնան ասում է` լավ է դա հասկանում. համաձայն է, պատրաստ է»։
Սոնան Վարազդատի ու նրա եղբոր ընտանիքի հետ

Հարսանիք ու մեղրամիս

Ամուսնությունից հետո ապրելու են Վարոյի հայրական տանը` մեծ ու համերաշխ ընտանիքով։ Մեղրամիսը ծրագրում են Հայաստանում անցկացնել։
«Չեմ ցանկանում երկրից դուրս գնալ անգամ մեղրամսի համար։ Կյանքն այնքան կարճ է, ուզում եմ ընտանիքիս կողքին լինել։ Սոնան էլ է ինձ հետ համաձայն»,– նշում է Վարոն։
Հարսանիքը մեծ է լինելու` մոտ 500-հոգանոց։ Նախ օրհնություն են ստանալու Արտաշատի եկեղեցում, հետո ուղղաթիռով մեկնելու են Ծովագյուղ։
«Դե, առաջինը մեր տուն կմտնենք` ափսեներ կոտրել, մեղր ուտել, լավաշ և այլն. Էդ ադաթները կպահենք, կգնանք խնջույքի»։
Վարազդատն ու Սոնան քավորի ու քավորկնոջ հետ

Երազանք

Վարոն մեծ ընտանիքում է մեծացել` երկու քույր են, երկու եղբայր, շատ կցանկանար, որ Սոնայի հետ էլ նման ընտանիք ստեղծեին։ Բոլոր երազանքների իրականացման համար ամենակարևորն առողջությունն ու խաղաղությունն են` այն, ինչ հիմա ամենից շատ են ցանկանում։
Հարսանիքին ընդառաջ Վարոն ու Սոնան դիմում են բոլոր որդեկորույս մայրերին` հայցելով նրանց ներողամտությունը։ Ուզում են` մյուս վիրավոր տղաներն էլ գտնեն իրենց երկրորդ կեսին ու երջանիկ լինեն։
«Ռումբն ընկավ, թևերս հետ թռան...». Վարոյի տեսած իրական պատերազմն ու թևավոր երջանկությունը