Գևորգ և Անդրանիկ Վարդանյանները Երևանում շապիտո կրկես են բացում այնպիսի համարներով, որոնք անկախ Հայաստանում կներկայացվեն առաջին անգամ։ Շոուի պրեմիերան կկայանա սեպտեմբերի 2-ին։
«Բացառիկ ներկայացում ենք պատրաստել երիտասարդ, բայց շատ պրոֆեսիոնալ արտիստներով։ Ելույթ կունենան օդային մարմնամարզիկներ, աճպարարներ, էկվիլիբրիստներ, դանակ նետողներ, ծաղրածուներ, և, իհարկե, մենք կցուցադրենք մեր համարները։ Կարճ ասած` մեր հայրենակիցներին բարձր մակարդակի ծրագիր կներկայացնենք»,–պատմում է Անդրանիկը։
Եղբայրները շրջել են գրեթե ամբողջ աշխարհով, սակայն իրենց համար երկու ամենակարևոր երկրներում դեռ երբեք ելույթ չեն ունեցել։ Առաջինն ԱՄՆ–ն է, ուր իրենց բազմիցս հրավիրել են, սակայն ժամանակի սղության պատճառով նրանք ստիպված են եղել մերժեք հրավերները։ Երկրորդը` հարազատ Հայաստանը։
«Հայաստանը միակ երկիրն է, ուր մեզ ոչ մի անգամ չեն հրավիրել, և մենք որոշեցինք ինքներս մեզ հրավիրել», – կատակում է Գևորգը։
Իսկ եթե ավելի լուրջ` եղբայրները դեռ 6-7 տարի առաջ էին կապում իրենց ապագան կրկեսի հետ, մասնավորապես, երազում էին զարգացնել կրկեսային արվեստը, ինչի մասին դեռ այն ժամանակ խոստովանեցին Sputnik Արմենիայի հետ զրույցում։
Եվ հիմա, Անդրանիկի խոսքով, նրանք զգում են, որ լիարժեք պատրաստ են հանդիսատեսի դատին հանձնել երկարամյա աշխատանքի ընթացքում կուտակած փորձի արդյունքները։
«Շատ ենք ուզում հայ հանդիսատեսին ցույց տալ, որ կրկեսը միայն ծաղրածուն կամ առանձին համարները չէ. այն շատ գեղեցիկ և միաժամանակ բավական դժվար մի արվեստ է, որտեղ հանդիսատեսին խաբելն անհնար է»։
Հավակնոտ այս նախագծի իրականացման համար Վարդանյան եղբայրները խզել են առաջիկա 2-3 տարիների իրենց բոլոր պայմանագրերը և ժամանել Հայաստան։ Չի բացառվում, որ շապիտո կրկեսի հաջողության դեպքում նրանք այստեղ մշտական կրկես հիմնեն։ Գևորգն ու Անդրանիկը վստահ են, որ կկարողանան բարձրացնել Հայաստանում կրկեսային արվեստի մակարդակը։
Արտիստները պատմեցին նաև հեղինակավոր միջազգային մրցույթներում իրենց ձեռքբերումների մասին։ Մասնավորապես իսպանական All Stars–ում, որտեղ հավաքվել էին տաղանդների շոուի հաղթողներն ամբողջ աշխարհից, Գևորգն ու Անդրանիկը գրավեցին պատվավոր երկրորդ տեղը (առաջինը զբաղեցրեց իսպանացի մի երգչուհի), ինչպես նաև դարձան «Ոսկե կոճակի» հաղթող։
«Քանի որ մինչ օրս մենք հանդես ենք եկել միայն միջազգային հարթակներում, մեր հայրենակիցները մեզ հիմնականում տեսել են հեռուստացույցով կամ համացանցում։ Այժմ ուզում ենք, որ կարողանան տեսնել մեզ և մեր համարները իրականում», – ասում է Գևորգը։
Վերջում հավելենք, որ All Stars–ում իրենց հիանալի ելույթից հետո եղբայրներին հրավիրեցին America's Got Talent–ին մասնակցելու։
Եվ երեք ամիս անց Անդրանիկն ու Գևորգն իրենց համարները կներկայացնեն աշխարհի տաղանդների, կարելի է ասել, ամենահեղինակավոր մրցույթում։
Վարդանյան եղբայրների հետ ունեցած հարցազրույցի ամբողջական տարբերակը կարելի է դիտել այստեղ։