Կրտսեր սերժանտ Վանիկ Ղազարյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով

Զոհված զինծառայողը հետմահու պարգևատրվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, կրտսեր սերժանտ Վանիկ Ղազարյանը ՀՀ նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
«Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, կրտսեր սերժանտ Վանիկ Ղազարյանին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»,– նշված է հաղորագրության մեջ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 22–ին` ժամը 15:30-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողը կրակոց է արձակել ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքի ուղղությամբ, որի հետևանքով գլխի շրջանում մահացու հարզենային վիրավորում է ստացել մարտական հերթապահության պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վանիկ Արամի Ղազարյանը:
Զինծառայողի զոհվելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։