185 երկիր ստեղծել են կենսաբազմազանության պահպանման հիմնադրամ. Կանադայում է նաև Սիմիդյանը

Հակոբ Սիմիդյանը կմասնակցի նաև հարակից հանդիպումներին՝ ներառյալ նախարարական նիստերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Կանադայի Վանկուվեր քաղաքում անցկացվող Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի յոթերորդ ասամբլեայի նստաշրջանի մասնակից 185 երկրի ներկայացուցիչները համաձայնել են ստեղծել նորարարական նոր հիմնադրամ կենսաբազմազանության համար, որը ֆինանսավորում կներգրավի կառավարություններից, նվիրատվություններից և մասնավոր հատվածից: Տեղեկությունը հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի յոթերորդ ասամբլեայի նստաշրջանը Կանադայում
Նշվում է, որ նստաշրջանին մասնակցում է նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, որը օգոստոսի 21-28-ը կգտնվի Կանադայում։
Հիմնադրամը կմոբիլիզացնի և կարագացնի ներդրումները հանուն վայրի տեսակների և էկոհամակարգերի պահպանության և կայունության, որոնց առողջությունը վտանգված է անտառային հրդեհների, ջրհեղեղների, անոմալ եղանակային պայմանների և մարդկային գործունեության արդյունքում։
Նշվում է, որ հիմնադրամի համար առաջնահերթություն են զարգացող փոքր կղզի պետությունները և քիչ զարգացած երկրները, որոնք կստանան հիմնադրամի միջոցների ավելի քան մեկ երրորդը: Նոր հիմնադրամն արդեն ունի նախնական ներդրումներ՝ 200 մլն կանադական դոլար Կանադայից և 10 մլն ֆունտ ստեռլինգ Միացյալ Թագավորությունից:
Նշենք, որ ասամբլեան ԳԷՀ-ի բարձրագույն կառավարման մարմինն է, որը չորս տարին մեկ անգամ հրավիրում է անդամ երկրների ներկայացուցիչներին՝ ամփոփելու անցած ձեռքբերումները և մեկնարկելու նոր գործառնական շրջանը:
Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի ֆոտոթակարդները նկարահանել են Նեո ընձառյուծին
Այս տարի ԳԷՀ-ի ասամբլեան համախմբել է 1500 մարդ ամբողջ աշխարհից՝ ներառյալ բնապահպանական առաջնորդների և կառավարիչների, կառավարությունների, բիզնեսի, գիտական հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների։
Հավելենք, որ Հակոբ Սիմիդյանը Կանադայում կմասնակցի նաև հարակից հանդիպումներին՝ ներառյալ նախարարական նիստերը։