ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Հայաստանում գոհ են հայ–ռուսական ռազմավարական զարգացման կենտրոնի աշխատանքից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Մեկ տարի առաջ մենք (ՌԴ էկոնոմիկայի նախարարի հետ) համաձայնագիր ստորագրեցինք Հայաստանում ռազմավարական զարգացման կենտրոն հիմնելու մասին, որը մեկ տարվա ընթացքում արդեն բավական լավ աշխատանք է տարել։ Մենք փոխառել ենք Ռուսաստանի դրական փորձը մի շարք ոլորտներում մեր կառավարության որոշ ծրագրեր առաջ մղելու համար», – Երևանում հայաստանցի և ռուսաստանցի գործարարների մասնակցությամբ բիզնես նախաճաշից հետո ասել է Քերոբյանը։
Հայ նախարարը շնորհակալություն է հայտնել ռուսաստանցի գործընկերոջն աջակցության համար և ՌԴ կառավարությանը դրական փորձը ներկայացնելու պատրաստակամության համար։
Քերոբյանն ընդգծել է նաև, որ արդեն բանակցություն է ունեցել ՌԴ գործընկերոջ հետ, որի ընթացքում մի շարք հարցերի են անդրադարձել` կապված ներդրումների, համատեղ նախագծերի, լոգիստիկայի և այլնի հետ։
Հիշեցնենք, որ հայ–ռուսական ռազմավարական զարգացման կենտրոնը Երևանում սկսել է գործել 2022 թվականի սեպտեմբերին։ Կենտրոնի նպատակը երկու երկրների տնտեսությունների և բիզնեսների ադապտացիային օժանդակելն է։ Սա համատեղ կենտրոն է, որը պետք է գտնի ճիշտ և պետքական լուծումներ, կենտրոնը պետք է խորհուրդներ տա ՀՀ էկոնոմիկայի նախարարությանն ու կառավարությանը, կապված նրա հետ, թե ինչպես օգտվել ՌԴ-ի կամ համաշխարհային փորձից, որպեսզի տնտեսությունն առավելագույնս հարմարեցվի մարտահրավերներին, հնարավորինս արագ արձագանքի բիզնեսի պահանջներին և գործարարներին առաջարկի ամենաճիշտ և արդյունավետ լուծումները։