ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. «Հայանտառ ՊՈԱԿ»-ի Իջևանի անտառտնտեսության 7-րդ պահաբաժնի տարածքում Տավուշի մարզի բնակիչ 43-ամյա Արտաշես Մատինյանը օգոստոսի 24-ին ինքնաձիգից կրակոցներ է արձակել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Կայքի տեղեկություններով` այդ օրը ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ ՊՈԱԿ»-ի տնօրենի տեղակալ Սիմոն Պետրոսյանը նախարարության այլ մասնագետների հետ միասին «Հայանտառ ՊՈԱԿ»-ի անտառտնտեսության 7-րդ պահաբաժնի տարածքում իրականացրել են ստուգումներ։ Այդ ժամանակ Արտաշես Մատինյանը դժգոհություններ է ունեցել, որոնց շուրջ վիճաբանել է Սիմոն Պետրոսյանի հետ։
Արդյունքում, Մատինյանն իր մոտ պահվող ապօրինի ինքնաձիգից մի քանի կրակոցներ է արձակել օդ՝ փորձելով վախեցնել Սիմոն Պետրոսյանին։
Ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի «Աշոտ Երկաթ» կոչվող տարածքից նա ձերբակալվել և ոստիկանության Իջևանի բաժին է տեղափոխվել։
Դեպքի փաստով ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն։