ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Հայաստանն աշխատում է նախագծի վրա, որով Հնդկաստանը Իրանի, Վրաստանի և ՀՀ-ի միջոցով կկապվի եվրոպական երկրների հետ։ «Իրանի ազատ տնտեսական գոտիներ» խորագրով ցուցահանդեսի ժամանակ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Այս նախագիծը հնարավորություն է ստեղծել Հնդկաստան–Եվրոպա նոր տրասնպորտային միջանցք, որը թույլ կտա, որ Հնդկաստանի և Եվրոպայի առևտրաշրջանառության մի մասն անցնի նշված ուղով»,– ընդգծեց նախարարը։
Քերոբյանը տեղեկացրեց, որ ՀՀ վարչապետի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը ղեկավարում է ինքը` էկոնոմիկայի նախարարը։ Այժմ մշակվում է ծրագիր, որը կներկայացվի Հնդկաստանի, Վրաստանի, Իրանի գործընկերներին։
«Այս առումով դիտարկում ենք ոչ միայն լոգիստիկ կապերի ամրացումը, այսինքն` ճանապարհային, ենթակառուցվածքային, ծովային, այլև փաստաթղթաշրջանառությունը, որպեսզի առևտրային ռեժիմներն իրար հետ համահունչ դարձնենք և կարողանանք էլեկտրոնային ու հեշտացված փաստաթղթաշրջանառության միջոցով բեռների համեմատաբար արագ ընթացք ապահովել»,– ընդգծեց նախարարը։
Հիշեցնենք, որ խոսքը «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքին զուգահեռ երթուղու մասին է։ Առաջին անգամ անխափան երթուղու գաղափարը Հնդկաստան կատարած այցի ժամանակ հնչեցրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Մասնավորապես, նա խոսել է Հայաստանի տարածքով առևտրային միջանցքի բացման հնարավորության մասին, որը թույլ կտա Սև ծովով կրճատել հնդկական ապրանքների տեղափոխումը դեպի Ռուսաստան և եվրոպական երկրներ: Այդ ժամանակ ՀՀ–ն ու Հնդկաստանը բանակցություններ սկսեցին միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին երկկողմ համաձայնագրի ստորագրման շուրջ։