Ես ցավում եմ և դատապարտում եմ. Էմանուել Մակրոնը՝ Արցախի շրջափակման մասին

Նա հավելել է, որ անընդունելի հումանիտար իրավիճակ է ստեղծվել, հատկապես՝ Լաչինի միջանցքի շուրջ
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի - Sputnik. Ես ցավում եմ և դատապարտում եմ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, ֆրանսիական Le Point ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Ես ցավում եմ և դատապարտում եմ այդ շրջափակումը։ Մենք միշտ ասել ենք, որ կանգնած ենք ժողովուրդների ինքնիշխանության կողքին։ Լեռնային Ղարաբաղի հարցը բարդ է։ Այս հարցում ես չեմ կարող կրկնել արտահայտված ամենակոշտ դիրքորոշումները: Ֆրանսիան հստակորեն դատապարտել է 2020 թվականի պատերազմը և կազմակերպել բազմաթիվ մարդասիրական գործողություններ։ Այսօր մենք անում ենք ամեն հնարավորը, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև գտնվի մի համաձայնություն, որը թույլ կտա տևական խաղաղություն հաստատում և ժողովուրդների ու մշակույթների պաշտպանություն: Այս խաղաղության պայմանագիրն անհրաժեշտություն է, բայց այն պետք է համապատասխանի միջազգային իրավունքին»,-ասել է նա։
Նա հավելել է, որ անընդունելի հումանիտար իրավիճակ է ստեղծվել, հատկապես՝ Լաչինի միջանցքի շուրջ ու շեշտել, որ Ֆրանսիայի դերը հումանիտար հասանելիության նպատակով գործադրվող ճնշումը պահպանելն է։
Ֆրանսիան պատրաստվում է Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ-ին բանաձև ներկայացնել. Le Figaro
Ֆրանսիայի նախագահը շեշտել է, որ պաշտոնական Փարիզը շարունակում է նախաձեռնություններով հանդես գալ, որպեսզի սննդամթերք և դեղորայք հասցվի Լեռնային Ղարաբաղ և ազատ մուտքն այնտեղ պահպանվի՝ ասելով, որ Հայաստանը վտանգված է նաև սեփական սահմաններին։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Հավելենք, որ այնտեղ է նաև Ֆրանսիայից ուղարկված օգնությամբ բեռնատարը։