Բադասյանը Իրանի նախագահի խորհրդական հետ երկկողմ համագործակցության հարցեր է քննարկել

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ու Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի խորհրդական, ԻԻՀ ազատ գոտիների գերագույն խորհրդի քարտուղար Հոջաթոլլահ Աբդոլմալեքին
Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են փոխադարձ պատրաստակամությունը մաքսային ոլորտում հայ-իրանական համագործակցությունն ընդլայնելու հարցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը Մեղրի-Նորդուզ սահմանային անցակետերի միջև ծագող խնդիրների արագ և արդյունավետ լուծմանը միտված մեխանիզմները քննարկել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի խորհրդական, ԻԻՀ ազատ գոտիների գերագույն խորհրդի քարտուղար Հոջաթոլլահ Աբդոլմալեքիի գլխավորած պատվիրակության հետ։ Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հետագա զարգացմանն ուղղված մի շարք հարցեր։
Անդրադարձ է կատարվել նաև բեռնատարների համար երկիր մուտք գործելու տուրքի զրոյացման հնարավորությանը, ինչպես նաև տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման գործընթացն առավել իրատեսական դարձնելու հարցերին։
Հոջաթոլլահ Աբդոլմալեքին իր հերթին ընդգծել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային մարմինների միջև սերտ համագործակցության կարևորությունը՝ երկու երկրների միջև փոխադարձ առևտրի, ապրանքաշրջանառության ծավալների մեծացման խթանման, ինչպես նաև հայ-իրանական տնտեսական համագործակցության զարգացման համատեքստում։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են փոխադարձ պատրաստակամությունը մաքսային ոլորտում հայ-իրանական համագործակցությունն ընդլայնելու հարցում։