ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի - Sputnik. Այն պնդումները, թե Կրեմլը ներգրավված է ավիավթարի մեջ, որում, ենթադրաբար, մահացել է «Վագներ» խմբի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը, բացարձակապես կեղծ են: Տեղեկությունը լրագրողներին հայտնելէ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով Կրեմլին միջադեպի մեջ մեղադրող Արևմուտքի ներկայացուցիչների հայտարարությունների մասին հարցին։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստի։
«Այժմ, բնականաբար, այս աղետի և ինքնաթիռի ուղևորների, այդ թվում՝ Եվգենի Պրիգոժինի ողբերգական մահվան շուրջ շատ շահարկումներ կան։ Իհարկե, Արևմուտքում այս բոլոր շահարկումները մատուցվում են հայտնի անկյունից։ Այս ամենը բացարձակ սուտ է», - ասել է Պեսկովը։
Նա ավելացրել է, որ Եվգենի Պրիգոժինի մահը հաստատելու համար անհրաժեշտ են փորձաքննություններ, այդ թվում՝ գենետիկ, բայց առայժմ պաշտոնական արդյունքներ չկան:
ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության համաձայն՝ օգոստոսի 23-ին Տվերի մարզի Կուժենկինո գյուղի մոտակայքում ընկել է Embraer Legacy մասնավոր ինքնաթիռը, որը Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ էր թռչում: Ինքնաթիռում գտնվող բոլոր տասը մարդը զոհվել են։ «Ռոսավիացիայի» ներկայացրած ուղևորների ցուցակի համաձայն՝ ուղևորների թվում է եղել Եվգենի Պրիգոժինը։ Գերատեսչությունը հայտնել է նաև, որ Տվերի մարզում կործանված ինքնաթիռը պատկանել է «ՄՆՏ-Աերո» ՍՊԸ-ին, որը մասնագիտանում է բիզնես փոխադրումների ոլորտում:
Ռուսաստանի Քննչական կոմիտեն գործ է հարուցել Տվերի մարզում տեղի ունեցած ավիավթարից հետո երթևեկության անվտանգության և օդային տրանսպորտի շահագործման կանոնների խախտման վերաբերյալ: