ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Կիբեռհանցագործությունների մեխանիզմներն ավելի արագ են զարգանում, քանի հնարավոր է լինում դրանց մասին իրազեկել լայն զանգվածներին, հենց այդ է պատճառը, որ հանցագործները միշտ մեկ քայլ առաջ են ընկնում ու կարողանում են խաբել մարդկանց։
«Հաղորդում կա մեդիագրագիտության մասին, փորձեր են արդեն արվում մեդիագրագիտության դասաժամեր ներդնել դպրոցում, բայց այս ամենը մի փոքր ավելի դանդաղ է առաջ գնում, քան հանցագործությունների մեթոդները։ Եթե անգամ բոլորը իմանան օրինակ` list.am–ի մասին, հանցագործները կսկսեն այլ ձևերով խաբել, այլ մարտավարություն կմշակեն, ու այդպես շարունակ»,– կարծում է մեդիափորձագետ Արթուր Պապյանը։
Նշենք, որ վերջին տարիներին ամբողջ աշխարհում կիբեռհանցագործության նոր մեթոդ է զարգացել։ Հայաստանում թիրախային են դարձել Լist.am կայքով որևէ իր վաճառողները։ Հանցագործների մեխանիզմը հետևյալն է` գրում են list.am–ով ինչ–որ բան վաճառող օգտատերներին, ասում են, որ հեռու են ապրում, ու պետք է ապրանքը ուղարկել իրենց Yandex, «Հայփոստ» կամ ինչ-որ սուրհանդակ ծառայության միջոցով։ Այնուհետև ուղարկում են օգտատերին կեղծ հղում, որտեղ վերջինս լրացնում է իր անձնական տվյալները, որից հետո այդ մարդու քարտից գումար է անհետանում։
«Վերջերս այնքան շատ տվյալ են հավաքել, որ սկսել են վարկեր ձևակերպել այդ մարդկանց անուններով»,– ասում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Մեդիափորձագետներն այս իրավիճակից դուրս գալու մի քանի տարբերակ են առաջարկում։ Առաջինը զգոնությունն է։
«Կան մարդիկ, որ առանձնապես ոչնչով չեն հետաքրքրվում ու ինչքան ուզում ես, թեկուզ երգելով ու պարելով խոսի դրա մասին, մեկ է` իրենք չեն կարդում։ Մարդիկ էլ կան՝ ասածիդ մի հատվածն են միայն ֆիքսում, սկզբունքը չեն հասկանում։ Օրինակ` ասում ես «Հայփոստով» կեղծ բաներ կան, իրանք տեսնում են Yandex է, ասում են` դե ուրեմն կեղծիք չի ու ընկնում են թակարդը»,– ասում է նա։
Մյուս կողմից էլ` պետությունը պետք է բոլոր մեխանիզմները օգտագործի մարդկանց ավելի մեդիագրագետ դարձնելու համար։ Մեդիափորձագետ Արթուր Պապյանի գնահատմամբ՝ քայլեր արվում են, բայց դրանք բավարար չեն։
«Պետությունը պետք է էլ ավելի ակտիվացնի օպերատիվ աշխատանքները նման հանցագործներին գտնելու ուղղությամբ։ Գործիքակազմ կա, բայց հավանաբար ռեսուրսների պակաս էլ կա։ Այս տեմպի հետեևից հասնել գրեթե անհնար է»,– ասում է Պապյանը։
Ժամանակավոր լուծում կարող է լինել թիրախավորված ընկերությունների ու կայքերի ներգրավումը, ինչպես դա եղավ «Հայփոստի» դեպում, երբ նրանք անձամբ սկսեցին ուղարկել հաղորդագրություններ մարդկանց, կոչ անելով ավելի ուշադիր լինել և չտրամադրել անձնական տվյալներ։ Նույնը, մասնագետների կարծիքով, կարող է նաել նաև Լist.am կայքը. այդպիսով տեղեկացված մարդկանց թիվը կավելանա՝ նվազացնելով հանցագործությունները։